Խնապատում հաստատվել են 33 տեղահանված ընտանիքներ. առօրյան ու խնդիրները
ԱՀ Ասկերանի շրջանի Խնապատ համայնքը 1162 բնակիչ ունի. պատերազմի ավարտից հետո գյուղից հեռացող չի եղել: Այս մասին «Արցախպրեսի»թղթակցի հետ զրույցում ասել է Խնապատի համայնքապետ Սամվել Շահրամանյանը:
«Պատերազմից հետո գյուղում բնակություն են հաստատել տեղահանված 33 ընտանիքներ: Նրանցից տասնվեցի համար տներ են վերանորոգվել: Դպրոցի շենքը վերանորոգման կարիք ունի, որտեղ հաճախում է 65 աշակերտ։ Գյուղում մանկապարտեզի ենթակա երեխաների թիվը շատ է, սակայն շենքային պայմանները թույլ են տալիս ընդունելու միայն 44 երեխայի: Համայնքում գործում են համայնքային կենտրոն, բուժկետ և ակումբ, որոնց շենքերը վերանորոգման կարիք ունեն. ունենք նաև հանդիսությունների սրահ: Գյուղամիջյան ճանապարհների 70%-ը սալապատված է: Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված է: Ջրի խնդիր չունենք, քանի որ ԱՀ պետական բյուջեի միջոցներով 2020 թվականին նոր ջրագիծ է կառուցվել, ինչի համար շնորհակալ ենք ղեկավարությանը»,- նշեց Ս. Շահրամանյանը:
Մեր զրուցակիցը ցավով տեղեկացրեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից համագյուղացիներից չորսը զոհվել են, յոթն էլ՝ վիրավորվել։
Համայնքապետի տեղեկացմամբ՝ պատերազմից հետո բնակչության զբաղվածության միակ ուղղությունը դարձել է հողագործությունը: