Արցախին կհատկացվեն լրացուցիչ ֆինանսական միջոցներ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Կառավարության գործունեության միջոցառումների 5-ամյա ծրագրին և կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակին:
Գործադիրը որոշում է ընդունել «ՀՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և փոփոխություններ, ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Արցախի Հանրապետության կառավարությանը միջպետական վարկ տրամադրելու, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին»:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ որոշման նախագծի նպատակը Արցախի Հանրապետության 2021թ. սեպտեմբեր ամսվա բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով բավարար միջոցների հատկացումն է: Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ Արցախում տնտեսական կյանքն աստիճանաբար վերականգնվում է, և ավելանում են նաև Արցախի պետական բյուջեի հարկային եկամուտները, դրանք, սակայն, դեռևս բավարար չեն կենսական նշանակության սոցիալական և տնտեսական ծրագրերի ամբողջական ֆինանսավորման համար, և այդ նպատակով անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսական հատկացումներ: Նախարարը հիշեցրել է՝ սա արդեն 3-րդ նման որոշումն է, որով հատկացվող ֆինանսական միջոցների ընդհանուր գումարը կազմում է 13.4 մլրդ դրամ: Գումարը նախատեսված է Արցախի պետբյուջեով սեպտեմբեր ամսվա համար սահմանված աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի (3 մլրդ դրամ), ինչպես նաև բնակչության էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների գծով ֆինանսավորման (1.2 մլրդ դրամ), կապիտալ ներդրումների (հատկապես բնակարանաշինություն և բնակարանների նորոգում — 2.6 մլրդ դրամ), սոցիալական և կրթական ծրագրերի (787 մլն դրամ) տնտեսական զարգացման, այդ թվում՝ գյուղատնտեսական և պետական այլ ծրագրերի իրականացման համար: Ֆինանսավորումն իրականացվելու է 2 եղանակով՝ մոտ 1.2 մլրդ դրամը կոմունալ ծառայություների փոխհատուցման նպատակով պետք է իրականացվի ՀՀ պետբյուջեից դրամաշնորհ հատկացնելու եղանակով, իսկ մնացած 12.2 մլրդ դրամը՝ միջպետական վարկի տրամադրման եղանակով:
Վարչապետը, անդրադառնալով Արցախին լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման մասին որոշման կարևորությանը, նշել է. «2020թ. նոյեմբերից հետո փաստացի մեր հատկացումներն Արցախին մոտենում են 100 մլրդ դրամին՝ այս հատկացումից առաջ մենք 77 մլրդ դրամ փաստացի ծախսել էինք, իսկ 85 մլրդ դրամի չափով հատկացրել էինք: Հիմա ևս 13 մլրդ դրամ հատկացնում ենք, այսինքն՝ հատկացումը կազմում է 98 մլրդ դրամ և ոչ թե փաստացի ծախսը: Սա կարևոր արձանագրում է: Իհարկե, մենք չպետք է մոռանանք, որ զուտ աջակցության տրամաբանությունը հնարավորինս արագ, րոպե առաջ պետք է փոխարինենք զարգացման տրամաբանությամբ, բայց այն, ինչ արվում է, անհրաժեշտ է և կենսական: Մենք Արցախի կառավարության հետ շատ սերտ գործակցում ենք այս ուղղությամբ, որպեսզի ծրագրերի բովանդակությունը զուտ աջակցության տրամաբանությունից փոխարինվի զարգացման տրամաբանությամբ»: