Ավելացել են հրդեհների դեպքերը ջերմային ալիքի ներխուժման հետևանքով ու բնակիչների անզգուշության պատճառով
Արդեն մեկ շաբաթ է` Մարտակերտի շրջանի Տոնաշեն համայնքի անտառներում բռնկված հրդեհը չի մարում: Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են 24 ժամ շարունակ: Հրշեջ փրկարարների շնորհիվ կրակը նահանջել է «Երից մանկանց» վանքի հարակից տարածքում և տեղափոխվել աշխարհագրորեն ավելի բարդ գոտի, հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից:
Նշվում է, այրվել է հիմնականում բնաշիվային աճի թխկիներ, կաղնիներ, հացենիներ և բոխի տեսակի ծառեր:
Նախնական տվյալներով այրվել է մոտ 60 հա մակերես: Հրդեհաշիջման աշխատանքերը շարունակվում են: Աշխատանքին կցվել են ԱԻ պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջները և Մարտակերտի շրջանային բաժնի փրկարարները՝ բաժնի պետ Արայիկ Դանիելյանի գլխավորությամբ:
Օգոստոսի 22-ին ժամը 11:45-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնից տեղեկություն է ստացվել Ասկերանի շրջանի Պատարա համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք:
Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով հրշեջ մեքենան՝ մեկ մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր: Հաշվի առնելով վտանգավոր իրավիճակը և այս տարածքում անտառի խտությունը հրշեջ փրկարար մասից օգնության են մեկնել ևս 2 մարտական հաշվարկ:
Հրդեհը դեռ շարունակվում է: Տեղում աշխատում են Ասկերանի շրջանային բաժնի հրշեջ փրկարարները: Նախնական տվյալներով այրվել է չոր խոտատարածք և անտառային զանգված:
Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: Նշվում է, որ առաջիկա օրերին ևս Արցախի Հանրապետության տարածքը կգտնվի տաք օդի ալիքի ազդեցության գոտում: Ջերմային ալիքի ներխուժման հետևանքով ու բնակիչների անզգուշության պատճառով Արցախում ավելացել են հրդեհների դեպքերը: Աղետալի հետևանքներից խուսափելու համար ԱԻ պետական ծառայությունը կոչ է անում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:
Օգոստոսի 22-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ասկերանի շրջանի Շոշ և Դաշուշեն համայնքների տարածքում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով կանչի վայրեր են մեկնել հրշեջ փրկարարները և մեկուսացրել կրակը: Նախնական տվյալներով Շոշ համայնքի տարածքում այրվել է մոտ մոտ 30 X40 մ մակերեսով չոր խոտատարածք, իսկ Դաշուշենում՝ 0,5 հ մակերեսով չոր խոտատարածք և թփեր: