Ազգային ժողովը քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը

Ազգային ժողովը քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը

Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 9-ին, քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը։

  • «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրվեց Վլադիմիր Վարդանյանը։
  • «Հայաստան» դաշինքի կողմից Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրվեց Վահե Հակոբյանը։

Նշենք, որ 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվել է հետևյալ համամասնությամբ՝ 9 հանձնաժողովների նախագահների առաջադրում է իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3 հանձնաժողովների նախագահների՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը:

Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարության ծրագիրը մինչեւ օգոստոսի 23-ը պետք է ներկայացնեն Ազգային ժողով։

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Ազգային ժողովը քննարկեց «Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» ԱԺ որոշման  երկու նախագիծ, որոնցից առաջինով  հեղինակը` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, առաջարկում է  ստեղծել 12 մշտական հանձնաժողով:  Դրանցից երկուսը՝ Առողջապահության հարցերի, ինչպես նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները, կձեւավորվեն յոթերորդ գումարման Ազգային ժողովում գործած Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի տարանջատմամբ: Մյուս 10 հանձնաժողովները կլինեն նույնը, ինչպես եղել է  յոթերորդ գումարման խորհրդարանում:

Մշտական հանձնաժողովներ ստեղծելու վերաբերյալ ԱԺ որոշման երկրորդ՝ նույնանուն  նախագիծը հեղինակել են ԱԺ  «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները: Նախագծով  առաջարկվում էր ստեղծել 12 մշտական հանձնաժողով, որոնցից մեկը հեղինակներն առաջարկում էին ձեւավորել որպես Արցախի հարցերով զբաղվող:

Տեղի ունեցած քվեարկությունների արդյունքում խորհրդարանն ընդունեց  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագիծը:

ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների հեղինակած նախագիծը չընդունվեց:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացմամբ՝ գումարվել են  ԱԺ խմբակցությունների նիստեր եւ ընտրվել են խմբակցությունների ղեկավարներ եւ քարտուղարներ:   «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար է ընտրվել Հայկ Կոնջորյանը, քարտուղար՝ Նազելի Բաղդասարյանը: «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Սեյրան Օհանյանը, քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար է ընտրվել Արթուր Վանեցյանը, քարտուղար՝ Հայկ Մամիջանյանը:

Օգոստոսի 6-ին խորհրդարանը քննարկեց նաև Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցը: ԱԺ նախագահի ներկայացմամբ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի համաձայն՝ մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունք ունեն խմբակցությունները: Մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջեւ բաշխվում է ըստ յուրաքանչյուր պաշտոնի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է Դոնթի բանաձեւով: Նշված բանաձեւի հաշվարկման արդյունքում 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրաման իրավունքը խմբակցութունների միջեւ բաշխվել է հետեւյալ համամասնաությամբ:

9 հանձնաժողովների նախագահներին կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ը՝ «Հայաստան» խմբակցությունը:

Հայկ Կոնջորյանի ներկայացմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովների նախագահների թեկնածուներ կառաջադրի «Պետական-իրավական հարցերի», «Պաշտպանության եւ անվտանգության հարցերի», «Արտաքին հարաբերությունների», «Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի», «Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի», «Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի», «Եվրոպական ինտեգրման հարցերի», «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի» եւ «Առողջապահության հարցերի» մշտական հանձնաժողովների կազմերում:

Սեյրան Օհանյանի ներկայացմամբ՝ «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովների նախագահների թեկնածուներ կառաջադրի «Տնտեսական հարցերի», «Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի»,  «Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի» մշտական հանձնաժողովների կազմերում:

wp-apeth