Տոկիո-2020. Ալեքսանյանն` Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանը դարձավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Ալեքսանյանը մրցեց Ռուսաստանից Մուսա Եվլոևի հետ: Գյումրեցի մարզիկը պարտվեց 5:1 հաշվով:
Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից: Մեկնարկային գոտեմարտում նա 4:1 հաշվով հաղթել էր Ուզուր Ջուզուպբեկովին (Ղրղզստան), ապա 5:1 հաշվով առավելության էր հասել ֆինն Արվի Սավոլայնենի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում պարտության էր մատնել Սարավի Մոհամադհադիին (Իրան)՝ 4:1: Այդ գոտեմարտում Ալեքսանյանն ազդրի մկանային վնասվածք էր ստացել:
Սա Հայաստանի նվաճած երկրորդ մեդալն է 🥈🥉. օգոստոսի 2-ին բրոնզե մեդալակիր էր դարձել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Բացի դրանից՝ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ այդպիսով ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։