ՊՆ-ն հրապարակել է հակառակորդի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողի անունը

ՊՆ-ն հրապարակել է հակառակորդի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողի անունը

Հուլիսի 14-ի առավոտյան, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական բաժնից:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող: ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 14-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Նախիջևանի ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հայկական կողմի կրակից վիրավորում է ստացել զինծառայող Մարդանլը Իբադուլլա Մահսուդ օղլուն (Mərdanlı İbadulla Məhsud oğlu):

wp-apeth