Դատախազությունը ԿԸՀ է ներկայացրել Առուշ Առուշանյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքից պատգամավորության թեկնածու Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ: ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը.
«ՀՀ քրեական օրենսգրքի 154․2 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 154․2 հոդվածի 1-ին մասով, նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում կատարվող նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարը 2021թ. հունիսի 20-ին ՀՀ-ում կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն՝ ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն համայնքի Քարահունջ բնակավայրի երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը, սակայն նրա կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել:
Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավար Ա. Ա.-ն պաշտոնեական դիրքն օգտագործելով, կազմակերպել է նույն ընտրությունների ժամանակ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի որոշ ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, ինչպես նաև այլ կախվածությունն օգտագործելով ընտրողներին կուսակցությունների հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:
Ըստ այդմ՝ քրեական գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ վերոնկարագրյալ արարքների կատարման համար Ա. Ա.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական հետապնդում հարուցելու համար:
Նկատի ունենալով, որ Գորիս համայնքի ղեկավար Ա.Ա.-ն ընդգրկված է եղել 20.06.2020թ.-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակցության հայտ ներկայացրած «Հայաստան» դաշինքի ցանկում, և այն, որ «Հայաստան» դաշինքն արտահերթ ընտրությունների արդյունքում ձեռք է բերել պատգամավորական մանդատներ ստանալու իրավունք, ուստի, հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգիրք 90-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 13.07.2021թ. միջնորդություններ են ներկայացվել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու համար։
Հիշեցնենք, որ նշված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լ. Ա.-ին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- ասված է հաղորդագրությունում:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: