Ադրբեջանը շուտով էլ չի օգտվի Կարմիր շուկա-Շուշի ճանապարհից. Արցախի պետնախարար

Ադրբեջանը շուտով էլ չի օգտվի Կարմիր շուկա-Շուշի ճանապարհից. Արցախի պետնախարար

Մի քանի ամիս հետո ադրբեջանական կողմն ընդհանրապես չի օգտվի Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից։ Այս մասին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։ Նրա խոսքով՝ այս առնչությամբ կատարվում են լրացուցիչ աշխատանքներ։

«Աշխատանք է տարվում նաեւ ճանապարհների անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ. անցկացվում է լուսավորություն, ուժեղացվում է վերահսկողությունը»,- նշել է նա։

Պաշտոնյան տեղեկացրել է, որ ադրբեջանցիներն իրենց լկտի են պահում՝ հաճախ վիրավորելով հայերին։

«Այս առիթով բազմաթիվ ահազանգեր են եղել, այդ թվում ռուս խաղաղապահների կողմից։ Մեր ԶՈւ-ն իրականացնում է նաեւ նախազգուշական միջոցներ, որոնց մասին ոչինչ չի ասվում։ Դա կարեւոր նշանակություն ունի»,- ավելացրել է Բեգլարյանը։

Արցախը չի ընդունելու Ադրբեջանի կազմում լինելու որևէ տարբերակ

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը վստահեցրել է, որ Արցախի իշխանությունները և Արցախի ժողովուրդը չեն ընդունելու Ադրբեջանի կազմում լինելու որևէ տարբերակ:

«Իհարկե, մեր պայմանները շատ ավելի դժվար են, շատ ավելի ծանր են, քան նախապատերազմյան շրջանում, բայց դա չի նշանակում, որ մենք հնարավորություններ չունենք պայքարելու: Մեր ճանապարհը ավելի երկար է մեզ թվում, բայց մյուս կողմից ունենք լրացուցիչ հնարավորություններ, այդ թվում` արտաքին քաղաքական հնարավորություններ՝ մեր ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը շատ ավելի ընդգծված կերպով կազմակերպելու»,- նշել է Բեգլարյանը:

Ըստ Արցախի պետնախարարի` փաստարկների առումով ինքնորոշման իրավունքը ընկալելի է միջազգային հանրությանը, որովհետև հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներից երկուսն արդեն ժամանակավրեպ են:

«Այսինքն` տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքներն արդեն ժամանակավրեպ են պատերազմի հետևանքով: Մնացել է ինքնորոշման իրավունքի ճանաչման սկզբունքը, և միջազգային հանրությունը և ԵԱՀԿ Մինսկի խումբը սա շատ լավ գիտակցում են: Դրա համար այս ուղղությամբ մեր պայքարը շարունակում ենք: Իհարկե, պետք է Հայաստանի Հանրապետությունն էլ գործուն ջանքեր գործադրի: Հույս ունենք, որ առաջիկայում այս մասով որոշակի դրական առաջընթաց լինելու է»,- եզրափակել է Բեգլարյանը:

Արտակ Բեգլարյանը համոզված է, որ ռուս խաղաղապահները երկար ժամանակով են գտնվելու Արցախում

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն Արցախից արտագաղթը կանխելու համար երկու հիմնական քայլ է տեսնում` երկարաժամկետ անվտանգության ապահովում և բնակարանային հարցերի հնարավորինս արագ և արդյունավետ լուծում:

«Իհարկե, անվտանգությունը գլխավորն է. մարդիկ պետք է զգան, որ այստեղ անվտանգ է և իրենց երկարաժամկետ կյանքը պլանավորեն: Բարեբախտաբար, կարող եմ ասել, որ ի տարբերություն հետպատերազմյան սկզբնական շրջանի` 2020 թվականի նոյեմբեր, դեկտեմբեր, հունվարի ամիսների, արդեն մեզ համար և ժողովրդի համար էլ ակնհայտ է, որ անվտանգության պայմաններն ավելի արդյունավետ են, քան շատերը սպասում էին: Մեր ակնկալիքները ավելի վատ էին և բացասական, քան իրականությունը եղավ: Սա լրացուցիչ դրական միտումներ է տալիս և դրական հույս տալիս մեր հասարակությանը, որ կարող է երկարաժամկետ կյանք պլանավորել այստեղ»,- ընդգծել է Բեգլարյանը:

Պետնախարարն անդրադարձավ նաև այն մտահոգություններին, թե ի՞նչ է լինելու հինգ տարի հետո, երբ ռուս խաղաղապահների` Արցախում մնալու ժամկետը ավարտվի: Բեգլարյանը միանշանակ կարծում է, որ ռուս խաղաղապահների ներկայությունը հինգ տարով չէ սահմանափակված:

«Թե լուծումները ինչպիսի կլինեն, ժամանակը ցույց կտա, նաև գերտերություններն իրենց գործողություններով ցույց կտան, բայց ես համոզված եմ, որ երկար ժամանակ մենք ունենալու ենք այստեղ ռուս խաղաղապահներ, որոնք երաշխավորելու են մեր անվտանգությունը: Իհարկե, մեր Պաշտպանության բանակը իր մասով երաշխավորում է անվտանգությունը և ժամանակի ընթացքում, կարծում եմ, որ շատ ավելի արդյունավետորեն են երաշխավորելու: Մեր օրակարգը խաղաղ բանակցային գործընթացով մեր անվտանգության երաշխավորումն է, որին, հուսանք, Ադրբեջանը պատրաստ կլինի»,- եզրափակել է Բեգլարյանը:

wp-apeth