Դեղամիջոցների առևտուր՝ ռանց լիցենզիայի
Տնտեսական գործունեության կանոնների նույնիսկ ամենափոքր շեղումն անմիջապես Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ աշխատակիցների տեսադաշտում է հայտնվում: Այս անգամ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ուշադրությունը գրավել է Հայաստանում չգրանցված ցավազրկողի և կենսական ակտիվ հավելումների մասին հայտարարությունը Facebook.com սոցիալական ցանցի VITAMINNER.COM էջում: Կասկած են հարուցել ապրանքների գները, դրոշմապիտակների և մատակարարման հասցեների բացակայությունը, հայտնում են ՊԵԿ լրատվական բաժնից:
«Իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ՀՕՀ վարչության ոլորտային թիվ 7 բաժինը պարզել է, որ սոցիալական ցանցի նշված էջը պատկանում է Երևանի բնակչուհու: Նախապատրաստական և ստուգողական աշխատանքներին հաջորդել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումները: Անմիջական գործարքի գնալով կասկածելի գործով զբաղվողների հետ և որպես գնորդ ներկայանալով` վարչության աշխատակիցները կանխիկ եղանակով ձեռք են բերել 12 տուփ Հայաստանում չգրանցված «ADVIL» դեղամիջոց և բացահայտել իրական սխեման:
Պարզվել է, որ քաղաքացի Ա.Կ.-ն, ստանալով պատվերը, էլեկտրոնային եղանակով վճարման միջոցով ապրանքներ է ձեռք բերել «AMAZON» առցանց խանութ-հարթակից և տեղափոխել Հայաստան: 2020 թվականի դեկտեմբերին քաղաքացին ստեղծել է նաև «VITAMINNER.COM» ֆեյսբուքյան էջը և մինչև 2021 թվականի հունիս ամիսն իրացրել է 385 000 դրամի վիտամիններ և դեղամիջոցներ։
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դեղամիջոցների առևտուրը ՀՀ-ում ենթակա է լիցենզավորման: Մինչդեռ քաղաքացին, չունենալով պետական գրանցում և հաշվառված չլինելով հարկային մարմնում, իրականացրել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն:
Կատարվում են օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ պետությանը պատճառված վնասը լիարժեք պարզելու նպատակով:
Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունից հիշեցնում են, որ ներկայում համացանցային առևտրով զբաղվողներն ապրանքների վաճառքը փաստաթղթավորելու մի քանի տարբերակ ունեն: Եթե նախկինում պարտավոր էին միայն հարկային հաշիվ և հաշիվ վավերագիր դուրս գրել, իսկ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնն ուղեկցող փաստաթուղթ չէր համարվում, ապա այժմ այս տարբերակը նույնպես թույլատրվում է։ Բացի այդ, ՀՀ հարկային օրենսգրքի 380.1 հոդվածի համաձայն` ներդրվել է էլեկտրոնային ՀԴՄ գործիքը։
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը վստահեցնում է՝ օրինականության սահմաններից տնտեսական գործունեության ցանկացած շեղում վարչության դիտակետում է․ վիրտուալ, թե իրական տիրույթում խախտումների բոլոր փորձերը կանխվելու են»,- նշված է հաղորդագրությունում: