Ականասազերծել են Մարտունու շրջանում հայտանաբերված ականները և արկերը

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման անձնակազմը շարունակում է աշխատանքները Արցախի տարածքում պայթուցիկ առարկաների հայտնաբերման և ոչնչացման ուղղությամբ: Այդ մասին հաղորդագրություն է հրապարակված ՌԴ ՊՆ կայքում:
«Ականազերծող խմբի կողմից հայտնաբերված պայթուցիկ զինամթերքը, որն իրենից ներկայացնում է առաջին կատեգորիայի վտանգ՝ ոչնչացման վայր տեղափոխվելուց հետո, վնասազերծվում է պայթեցման միջոցով»,-ասել է մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայող Վլադիսլավ Կելզինը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ օրական «Բալիդժա» հատուկ պոլիգոնում ռուս զինծառայողները ոչնչացնում են շուրջ 30 պայթյունավտանգ առարկա՝ ներառյալ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր: Ոչնչացումն իրականացվում է պայթեցման եղանակով`այդ գործողությունների ընթացքում անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների ապահովմամբ:
«Նախօրեին ռուս սակրավորների կողմից ոչնչացված զինամթերքը հայտնաբերվել էր Մարտունու շրջանում ականազերծման ժամանակ: Մարդասիրական ականազերծման ստորաբաժանման շուրջ 10 զինծառայող ամեն օր ներգրավված է պայթյունավտնագ առարկաների վնասազերծման աշխատանքներում»,-հայտնում է ՌԴ ՊՆ-ն: