Ռևում խճապատվել են ճանապարհները

Ռևում խճապատվել են ճանապարհները

ԱՀ Ասկերանի շրջանի Ռև համայնքում խճապատվել են գյուղամիջյան ճանապարհները: Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է Ռև համայնքի ղեկավար Արմեն Արզումանյանը:

Նրա խոսքով՝ պատերազմական գործողությունների պատճառով գյուղը, բարեբախտաբար, վնասներ չի կրել: Պատերազմական գործողություններից հետո գյուղում դեռ ընտանիք չի վերաբնակեցվել, սակայն յոթ տուն վերանորոգվում է, որպեսզի տրամադրվի տեղահանված ընտանիքներին: Եվս 4 տուն հետագայում կվերանորոգվի այդ նպատակով:

«Գյուղի երեխաները հաճախում են հարևան Արևշատ համայնքի դպրոց, որը վերաբացվել է 2020 թվականի դեկտեմբերի 1-ից. այստեղ սովորում է 31 աշակերտ: Գյուղը չունի մանկապարտեզ: Ունենք գործող բուժկետ: Համայնքապետարանի շենքը գտնվում է բարվոք վիճակում: Մինչ պատերազմը վերանորոգվում էին ակումբն ու հանդիսությունների սրահը, սակայն այդ աշխատանքները կիսատ են մնացել: Ռևը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով: Ունենք ջրի խնդիր. շաբաթական ջուր ստանում ենք երկու օրով, այն էլ՝ 15 րոպեով»,- տեղեկացրել է գյուղապետը: Խոսելով գյուղացիների զբաղվածության մասին՝ Ա.Արզումանյանը նշել է, որ նրանք հիմնականում զբաղվում են անասնապահությամբ ու հողագործությամբ։

wp-apeth