Ասկերանում վերաբնակեցվել է 107 ընտանիք

Ասկերանում վերաբնակեցվել է 107 ընտանիք

Ասկերան քաղաքի բոլոր բնակիչները պատերազմից հետո վերադարձել են: Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը:

Նրա խոսքով՝ բնակիչները սկսել են ապրել իրենց բնականոն կյանքով: Պատերազմի պատճառով քաղաքը վնասներ է կրել, բայց մարդիկ չեն ընկրկում։ Ասկերան քաղաքում պատերազմից հետո վերաբնակեցվել է 107 ընտանիք՝ 438 հոգով: Եվս 7 տուն կվերանորոգվի տեղահանվածներին տրամադրելու նպատակով:

«2020 թվականի դեկտեմբերի 1-ից արդեն վերաբացվել է քաղաքի դպրոցը, որտեղ սովորում է 407 աշակերտ, որից 83-ը տեղահանված ընտանիքների երեխաներն են: Մանկապարտեզը նույնպես վերաբացվել է դեկտեմբերի 1-ից, որն ունի 80 սան: Ունենք գործող հիվանդանոց, ակումբ, հանդիսությունների սրահ, որոնք գտնվում են վատթար վիճակում: Քաղաքապետարանի շենքը վերանորոգված է. շահագործման է հանձնվել 2009 թվականին: Քաղաքը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, շուրջօրյա ջրամատակարարմամբ»,- տեղեկացրել է քաղաքապետը:

Խոսելով բնակչության զբաղվածության մասին՝ Հ. Շամիրյանը նշել է, որ հիմնական ուղղություններն են այգեգործությունն ու բանջարաբոստանային կուլտուրաների մշակումը:

wp-apeth