Հիմնանորոգվում են Շիրակի մարզի մի շարք ներհամայնքային ճանապարհներ
Շիրակի մարզի մի շարք ներհամայնքային ճանապարհներ հիմնանորոգվում են. 2021 թվականին իրականացվող ճանապարահաշինական աշխատանքների բյուջեն կազմում է մոտ 25 մլրդ դրամ: Մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից հայտնել են, որ գումարի շրջանակում կհիմնանորոգվեն նաև Գյումրիի ճանապարհները: Մարզի միջպետական ու մասամբ հանրապետական նշանակության ճանապարհները համեմատաբար բարվոք, իսկ համայնքային ու մարզային նշանակության ճանապարհները (շուրջ 241,2 կմ) վատ վիճակում են: Այս տարի իրականացվելու են 270,22 կմ երկարությամբ ձմեռային պահպանման և 104,2 կմ երկարությամբ ընթացիկ պահպանման և շահագործման աշխատանքներ: Այդ թվում Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհը, Մարմաշեն վանական համալիր տանող և այլ ճանապարհներ: Այս տարի կհիմնանորոգվեն նաև մի շարք մարզային, տեղական նշանակության ճանապարհներ: Հիմնանորոգման աշխատանքներ կսկսվեն Վարդաքար-Աշոցք, Աշոցք-Ամասիա, Արեգնադեմի, ինչպես նաև Արթիկ-Պեմզաշեն և Անուշավան-Փանիկ ճանապարհները:
Կան նաև ճանապարհներ, որոնք կհիմնանորոգվեն ֆինանսների առկայության դեպքում: «Գյումրի-Հացիկ, Վարդաքար-Այգաբաց և Նոր Կյանք-Փանիկ-Փոքր Մանթաշ ճանապարհների հիմնանորոգման հնարավորությունը քննարկվում է: Այս ճանապարհները անցած տարի, ելնելով ֆինանսական սղությունից, դուրս էին մնացել ծրագրերից, բայց նորից այդ հարցը քննարկվում է»,- Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի խոսքերը մեջբերել է «Արմենպրեսը»: