18-ամյա պատանիների վեճն ավարտվեց դանակահարությամբ
Մայիսի 28-ին, ժամը 19.10-ին, շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Մասիսի բաժին, որ Այնթապ գյուղում դանակահարություն է եղել: Բժիշկները հայտնել են, որ կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած վերքերով դանակահարված 18-ամյա պատանին տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հայտնել էր, թե ընկել է: Մասիսի բաժնի օպերատիվ խումբը հայտնաբերել և ուսումնասիրել է դեպքի վայրը: Ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ: Քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքի արդյունքում ահազանգից 50 րոպե անց, դանակահարություն կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել նույն գյուղի բնակիչ, 18-ամյա մեկ այլ պատանի: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա խոստովանել է, որ ժամը 18-ի սահմաններում վիճաբանել է հասակակից համագյուղացու հետ և իր մոտ եղած դանակով երկու անգամ խփել է նրա մեջքին: Պատանու անձնական խուզարկությամբ գրպանից հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ, որով էլ, ըստ իր հայտնածի, դանակահարել էր հասակակցին: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից: