Ծեծկռտուք ու դանակահարություններ Գյումրիում

Ծեծկռտուք ու դանակահարություններ Գյումրիում

Ապրիլի 24-ին, ժամը 23.25-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Ախուրյանի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել Գյումրու՝ 23, և Ախուրյան գյուղի 22 և 23 տարեկան երիտասարդներ, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը։ Տուժողներից ընդունվել է հաղորդում։ Ոստիկանները սկսել են ծավալուն միջոցառումներ՝ դանակահարությունները բացահայտելու ուղղությամբ։ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Կումայրիի ու Ախուրյանի բաժինների ծառայողների համատեղ միջոցառումներով պարզվելէ, որ Գյումրի քաղաքի Գորկու փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ սուր-կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքները պատճառել էր Գյումրիի 30-ամյա մի բնակիչ:

Նրան հայտնաբերելու ուղղությամբ իրավապահները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և բացատրական աշխատանք։ Արդյունք տվել է բացատրական աշխատանքը. ապրիլի 25-ին Գյումրիի 30-ամյա բնակիչն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։

Պարզվել է, որ վիճաբանությունը ծագել էր Գյումրիի փողոցներից մեկում ազդանշան տալու պատճառով։ Վիճաբանությունը շարունակվել էր Գյումրիի խանութներից մեկում։ Տեղի էր ունեցել ծեծկռտուք, հնչել էին փոխադարձ հայհոյանքներ։ Այս ամենի ընթացքում էլ 30-ամյա տղամարդը վերցրել էր վաճառասեղանին դրված ծալովի դանակն ու դանակահարել երիտասարդներին։ Արդյունքում՝ մարմնական վնասվածքներ էին ստացել վիճաբանության բոլոր մասնակիցները՝ թե՛ երիտասարդները, թե՛ դանակահարող տղամարդը։ Նշանակվել են փորձաքննություններ։ Կատարվում է քննություն։

wp-apeth