Զինամթերքից մաքրվել է 2040 հա տարածք, 622 կմ ճանապարհ, 1 716 շինություն
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:
«Անցած մեկ օրում ականզերծվել է 2,8 հա տարածք, հայտնաբերվել է 3 պայթուցիկ առարկա: 2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 2 040 հա տարածք, 622 կմ ճանապարհ, 1 716 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 594 պայթուցիկ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:
Չպայթած, կյանքի համար վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներն այսօր նախատեսվում են Ստեփանակերտ (Աջափնյակ թաղամաս), Մարտակերտ, Ասկերան և Մարտունի քաղաքների հարակից տարածքներում։
Այս մասին տեղեկացնում են ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունից։ Ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The halo trust» կազմակերպությունը միաժամանակ, հանրապետության տարածքում իրականացնում են հետախուզական աշխատանքներ։