Երախտագիտության նամակ՝ Ջո Բայդենին
Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 24-ին նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ իր եւ ողջ հայ ժողովրդի անունից երախտագիտություն հայտնելով ապրիլքսանչորսյան ուղերձում վերջինիս արդարամիտ կեցվածքի համար։ Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
«Վեհափառ Հայրապետն իր նամակում ընդգծել է, որ 106 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում սկսված Հայոց Ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ կողմից հատկապես այս պատմական դժվարին պահին ունի ուրույն կարեւորություն՝ հաշվի առնելով նույն Թուրքիայի սատարմամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված բարբարոսական պատերազմը 2020 թվականի աշնանը, որի հետեւանքների հաղթահարման հարցում Մայր Աթոռը ակնկալում է ողջ միջազգային հանրության շուտափույթ հումանիտար ներգրավումը»,- նշվում է հաղորդագրությունում։
Մայր Աթոռից հայտնում են, որ Նորին Սրբության նամակը կհանձնվի Հայաստանում ԱՄՆ դեսպանին։
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը իմաստուն և քաջ քայլ է որակել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այս մասին հայտնում է կաթողիկոսի ֆեյսբուքի պաշտոնական էջը:
«Մեծապես ողջունելի է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի իրականացրած իմաստուն ու քաջ քայլը՝ 1915թ.-ին Օսմանյան Թուրքիա պետության կողմից հայ ժողովրդի դեմ ծրագրված ու գործադրված ցեղասպանությունը հիշել իր ճշգրիտ, պատմական և իրավական անվանումով՝ Ցեղասպանություն»,- նշել է Արամ Ա կաթողիկոսը:
2021թ. ապրիլի 24-ին Ջո Բայդենը դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն՝ Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիայի Հանրապետությունը, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուրուգվայը, Ֆրանսիան, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ: