Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի իր ուղերձում շեշտել է, որ Ամերիկայի ժողովուրդը ոգեկոչում է բոլոր այն հայերի հիշատակը, ովքեր զոհվել են Օսմանյան ժամանակաշրջանում իրականացված Հայոց ցեղասպանության ընթացքում: Ներկայացնում է հայտարարության տեքստն ամբողջությամբ.

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց, որոնք զոհվել են Օսմանյան ժամանակաշրջանում իրականացված Հայոց ցեղասպանության ընթացքում և պարտավորվում ենք կանխել նման վայրագությունների կրկնությունը: 1915-ի ապրիլի 24-ից սկսած՝ Օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսում հայ մտավորականության և համայնքի ղեկավարների ձերբակալություններով մեկնարկ տրվեց բնաջնջման արշավի, որի ընթացքում 1.5 մլն հայեր տեղահանվեցին, ենթարկվեցին կոտորածի կամ ուղարկվեցին մահվան: Մենք հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, որպեսզի տեղի ունեցած սարսափները երբեք չկորչեն պատմության մեջ:  Եվ մենք հիշում ենք, որպեսզի մշտապես զգոն մնանք ատելության քայքայիչ ազդեցության դեմ ՝ իր բոլոր ձևերով:

Փրկվածներից շատերը, որ ստիպված էին նոր տուն գտնել և նոր կյանք կառուցել, ցրվեցին աշխարհով մեկ, այդ թվում ՝ ԱՄՆ-ում: Ուժով ու տոկունությամբ հայ ժողովուրդը գոյատևեց և վերակառուցեց իր համայնքը: Տասնամյակների ընթացքում հայ ներգաղթյալները անհաշիվ եղանակներով հարստացրել են Միացյալ Նահանգները, բայց նրանք երբեք չեն մոռացել այն ողբերգական պատմությունը, որը նրանց նախնիներից շատերին բերեց դեպի մեր ափեր: Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այդ ցավը: Մենք հաստատում ենք պատմությունը: Մենք դա անում ենք ոչ թե մեղադրելու համար, այլ որպեսզի տեղի ունեցածը երբեք չկրկնվի:

Այսօր, երբ սգում ենք մեր կորուստները, պետք է հայացք ուղղենք դեպի ապագա, դեպի այն աշխարհը, որը ցանկանում ենք կառուցել մեր երեխաների համար: Մոլեռանդության և անհանդուրժողականության ամենօրյա չարիքներից զերծ մի աշխարհ, որտեղ հարգվում են մարդու իրավունքները և որտեղ բոլոր մարդիկ կարող են իրենց կյանքը շարունակել արժանապատվորեն և անվտանգ:  Եկեք վերահաստատենք ապագա ոճրագործությունները աշխարհի ցանկացած կետում կանխելու մեր վճռականությունը: Եվ եկեք հետևենք ապաքինմանը և հաշտեցմանը աշխարհի բոլոր մարդկանց համար:

Ամերիկյան ժողովուրդը ոգեկոչում է բոլոր այն հայերի հիշատակը, ովքեր նահատակվել են 106 տարի առաջ այս օրը սկսված ցեղասպանության ժամանակ»:

Այսպիսով`ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն՝ Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիայի Հանրապետությունը, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուրուգվայը, Ֆրանսիան, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ:

wp-apeth