Հյուրանոցային ծախսերը հոգում է վրացական կողմը. ՀՀ նախագահի աշխատակազմի պարզաբանումը

Հյուրանոցային ծախսերը հոգում է վրացական կողմը. ՀՀ նախագահի աշխատակազմի պարզաբանումը

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է որոշ ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությանը Վրաստան այցի ընթացքում ՀՀ նախագահի հյուրանոցային ծախսերի վերաբերյալ:

«Ի պատասխան որոշ ԶԼՄ-ների տարածած ակնհայտ սուտ և կեղծ տեղեկատվության՝ հարկ ենք համարում հայտնել, որ Հանրապետության նախագահը Վրաստանում է գտնվում պաշտոնական այցով, և նախագահի հյուրանոցային ծախսերը, ինչպես սովորաբար ընդունված է պաշտոնական այցերի դեպքում, հոգում է հրավիրող կողմը:

Եվս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ միտումնավոր կերպով բացարձակապես կեղծ տեղեկություններ տարածելուց և հասարակությանը թյուրիմացության մեջ գցելուց»,- նշված է հաղորդագրությունում:

ԶԼՄ-ներում տեղեկատվություն է տարածվել, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բնակվում է Թբիլիսիի «The Biltmore» հյուրանոցի թագավորական սենյակում, որի մեկ գիշերվա արժեքը 2000 ԱՄՆ դոլար է, ինչը պետական միջոցների մսխում է: 

Նշենք, որ այսօր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, այսօր պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:

Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում նախագահ Սարգսյանին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti
wp-apeth