Հրդեհ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում
Ապրիլի 16-ին, ժամը 06:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աբովյան փողոցում գտնվող «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի 3-րդ հարկում։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հիվանդանոցի 2-րդ հարկի հիվանդասենյակներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։34-ին, մարվել՝ 06։43-ին։ Մասամբ այրվել են երկու ներքնակ (մոտ 2 քմ) և երկու պահարան։ Այրվածքներ են ստացել հիվանդ Ս․ Ա․-ն (ծնված 1980 թ․) և բժիշկ Մ․ Հ․-ն։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով տարահանվել է 11 հիվանդ։ Նախնական վարկածի համաձայն` Հերացի հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով:
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ նախնական վարկածի համաձայն` Հերացի հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով:
«Հերացի հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել: Նախնական վարկածի համաձայն, բուժառուի կողմից հիվանդանոցային անվտանգության կարգի խախտում է արձանագրվել, հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով: Բուժաշխատողները, մինչև համապատասխան մասնագետների ժամանումը, փորձել են մարել հրդեհը, ինչի արդյունքում բաժանմունքի բժիշկը վնասել է ձեռքը, անվտանգության կարգը խախտած քաղաքացին տեղափոխվել է Այրվածքաբանական կենտրոն»,- գրել է Դանիելյանը:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti