Մահվան ելքով վրաերթ Երևանում. հարուցվել է քրեական գործ
2021թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչն իր անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի դիմացի ճանապարհահատվածում, վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի՝ 1993թ․ծնված բնակչին՝ անզգուշությամբ պատճառելով մահ, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդը ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն է, որն երեկ էր ծանրամարտի Հայաստանի հավաքականի հետ վերադարձել Երևան՝ Մոսկվայում ավարտված Եվրոպայի առաջնությունից հետո:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, 27-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող: Արմավիրի մարզի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti