Դատարանն արդարացրեց Քոչարյանին ու մյուսներին

Դատարանն արդարացրեց Քոչարյանին ու մյուսներին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով գործի վարույթը կարճելու վերաբերյալ պաշտպանական կողմի դիմումի վերաբերյալ որոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ  դատարանը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի, 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով, 2008-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Դատարանը որոշում է կայացրել կարճել ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանի, 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքների մասով քրեական գործի վարույթը: Դատարանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, Արմեն Գևորգյանը արդարացվել են: Որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարան:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, քննել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով գործի վարույթը կարճելու վերաբերյալ պաշտպանական կողմի դիմումը: Պաշտպանները պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Դատախազները առարկել էին  Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությանը:  Դատախազ Գևորգ Բաղդասարյանը պնդել է, որ դատավորը պետք է կասեցնի գործի վարույթը և դիմի ՍԴ՝ Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթների սահմանադրականության հարցը որոշելու համար։

Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը հրապարակել էր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա` ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը սահմանադրությանը հակասող: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է հենց այդ հոդվածով:

Ապրիլի 1-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով դիմել էր Սահմանադրական դատարան:

Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth