Անցկացվել է առաջին անգամ պաշտոնական առաջնություն

Անցկացվել է առաջին անգամ պաշտոնական առաջնություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիան կազմակերպել է հաշմանդամային բազկամարտի պաշտոնական առաջնություն:

Մրցաշարն անցկացվել է բազկամարտի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգին համապատասխան. տղաների և աղջիկների պայքար` աջ և ձախ ձեռքերով` ըստ քաշային կարգերի, հետևյալ դասակարգմամբ՝ կանգնած, նստած` տեսողական և լսողական սահմանափակ կարողություններով մարզիկների միջև։ Առաջնությանը մասնակցել է հաշմանդամություն ունեցող 64 մարզիկ` հանրապետության մարզերից և Արցախի Հանրապետությունից։ Հաղթողները պարգևատրվել են դիպլոմներով, մեդալներով, գավաթներով և դրամական պարգևներով։

Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ Սարգիս Ստեփանյանը գոհունակությամբ է խոսել առաջնության մակարդակի և մասնակիցների քանակի մասին:

«Սա Հայաստանի հաշմանդամային բազկամարտի անդրանիկ առաջնությունն էր: Նախկինում անցկացվել են առաջնություններ մեկ-երկու քաշային կարգերում կամ միայն նստած վիճակում, իսկ այս առաջնությունն անցկացվեց միջազգային կանոնակարգին համապատասխան: Կարծում եմ՝ միայն հաշմանդամային բազկամարտի առաջնությունում 64 մասնակից ունենալը լուրջ թիվ է: Սա խոսում է հետևողական աշխատանքի մասին»,- ասել է Սարգիս Ստեփանյանը և վստահեցրել, որ ֆեդերացիան շարունակելու է Հայաստանում հաշմանդամային սպորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները:

Հայաստանի բազկամարտի առաջնության արդյունքներով ձևավորվելու է նաև հավաքական թիմ, որը կմասնակցի միջազգային մրցաշարերի: Նախատեսվում էր մայիսին Լատվիայում անցկացնել Եվրոպայի առաջնություն, սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ այն դեռևս անորոշ ժամանակով հետաձգվել է, իսկ աշխարհի առաջնությունն աշնանը կայանալու է Վրաստանում:

Հիշեցնենք, որ Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիան մեկն է այն 3 ֆեդերացիաներից, որոնք այս տարի ներառվել են պետական աջակցության ծրագրում: 2021 թվականի ՀՀ պետական բյուջեով հաշմանդամային (ադապտիվ) սպորտին տրամադրվելիք պետական աջակցության գումարը և շահառուների թիվն ավելացել են: Մինչև 2020 թվականը ներառյալ պետական աջակցություն է ստացել հաշմանդամային սպորտի զարգացմամբ զբաղվող 4 կազմակերպություն՝ «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե», «Խուլերի հայկական սպորտային կոմիտե», «Հայաստանի կույրերի միավորում», «Հայկական հատուկ օլիմպիադաներ», իսկ այս տարի նրանց ավելացել են Հայաստանի անվասայլակով բասկետբոլի, Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական և Հաշմանդամային սպորտի ֆեդերացիաները:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth