Նախարարն այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոն

Նախարարն այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն այցելել են «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ ծանոթանալու հաստատության կարողություններին, առկա հնարավորություններին, վերջին շրջանում կատարված  բարեփոխումներին և նախատեսվող ծրագրերին, հայտնում են առողջապահության նախարարությունից:

Բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանի ուղեկցությամբ` նախարարն ու փոխնախարարը շրջել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի շրջանակում անցյալ տարի բացված վերակենդանացման նոր բաժանմունքում, որտեղ բուժում են ստանում արցախյան պատերազմից տուժած վիրավորները:

Անահիտ Ավանեսյանը զրուցել է զինվորների հետ, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով և մաղթել շուտափույթ ապաքինում:

Միքայել Մանուկյանը նշել է, որ վերակենդանացման նոր բաժանմունքը հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Յուրաքանչյուր մահճակալ ապահովված է անհատական թթվածնի մատակարարման կետով, արտածծման բացասական ճնշման համակարգով, արհեստական օդափոխության սարքով, մշտադիտարկման սարքավորումներով:

«Էրեբունի» բժշկական կենտրոն այցերը մշտապես ուղեկցվում են լավ նորություններով ու նոր ծրագրերով: Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում, նաև պատերազմի հետ կապված, արդյունավետ համագործակցություն ենք ունեցել՝ ի շահ մեր ժողովրդի»,- նշել է Անահիտ Ավանեսյանը կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանի հետ հանդիպման ժամանակ` հավելելով, որ մեր երկրի հնարավորությունների սահմաններում այդ ծանր օրերին արվել է առավելագույնը, բուժօգնության ծավալի ու բնույթի առումով՝ լավագույնը:

«Անխոս, առողջապահական համակարգը գերծանրաբեռնված էր աշխատում այդ օրերին: Ես բարձր եմ գնահատում համատեղ աշխատանքը թե՛  կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում, թե՛  խոշոր և ռազմավարական ծրագրերի իրականացման գործում, ինչպիսիք են՝ իշեմիկ ինսուլտի, չարորակ նորագոյացություններով վիրահատությունների ու սանավիացիայի ծրագրերը»,- ասել է Հարություն Քուշկյանը` պատրաստակամություն հայտնելով շարունակելու արդյունավետ համագործակցությունը:

Այնուհետև կողմերը կիսվել են նոր մտահղացումներով, քննարկել առաջիկա անելիքներն ու  ծրագրերը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth