Որտեղ է տրամաբանությունը

Որտեղ է տրամաբանությունը

Ձմեռային դադարից հետո՝ առաջնության վերսկսվելուց երկու տուր անց, Հայաստանի առաջնությունը հետաձգվեց 10 օրով: Այդ պահին առնվազն մեկ տուրով՝ կորոնավիրուսի նոր դեպքերի ի հայտ գալը և դրա հետագա տարածումը կանխարգելելու նպատակով: Դրանից չորս օր անց ֆեդերացիան, հիմք ընդունելով երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին  որոշումը, մինչև ապրիլի 14-ը դադարեցրեց կառույցի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը, ինչպես նաև նրա ենթակայության տակ գտնվող բոլոր ենթակառուցվածքների գործունեությունը՝ ստեղծելով աշխատանքային խումբ, որը գալիք երկու շաբաթվա ընթացքում կապի մեջ էր լինելու ՈւԵՖԱ-ում ստեղծված աշխատանքային խմբի հետ՝ ազգային առաջնության հետագա անցկացման ժամկետները և ձևաչափը մշակելու համար:

Երբ կայացվեց որոշում հետաձգել առաջնությունը մեկ տուրով, ըստ պաշտոնական թվերի Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասնում էր 13-ի, մինչդեռ այն մեկ ամսով դադարեցնելու որոշումն ընդունելու պահին վարակակիրների թիվն արդեն գերազանցում էր մի քանի տասնյակը: Ժամանակն էր ճիշտ գնահատել, վերլուծել իրավիճակն ու դրանից ելնելով կայացնել տրամաբանական որոշումներ: Ընթացքում պարզ դարձավ, որ քննարկվում են ակումբային մրցաշարերի և ազգային առաջնությունների շարունակության մի քանի սցենարներ և վերջնական որոշումը կկայացվի՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակի հետագա զարգացումը:

Ամենասկզբում առաջնությունը մեկ տուրով հետաձգելուց տևական ժամանակ անց ֆեդերացիան առաջնությունը վերսկսելու որոշում կայացրեց. որոշակի սահմանափակումներով թիմերը մարզումները վերսկսեցին ապրիլի 23-ից, իսկ առաջնությունը վերսկսվեց դրանից մեկ ամիս անց: Հատկանշական է, որ այս ընթացքում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակը զարգացավ ու շարունակում է զարգանալ ոչ ցանկալի սցենարով: Ըստ պաշտոնական թվերի՝ մայիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7113 դեպք, գրանցվել է 452 նոր դեպք:

Զուտ թվերից ու ստեղծված իրավիճակից ելնելով՝ առաջնությունը առնվազն այս պահին չպետք է վերսկսվեր, սակայն տեղի ունեցավ հակառակը ու այստեղ տրամաբանական հարց է առաջանում. ինչու առաջնությունն ընդհանրապես դադարեցվեց երկու ամսով, եթե հնարավոր էր այն անցկացնել՝ կիրառելով մի շարք սահմանափակումներ, ինչպես արվում է հիմա: Անվտանգության առումով կարծես հիմա ավելի վտանգավոր իրավիճակ է, քան թվում էր մարտ ամսին: Միթե՞ հնարավոր չէր բժշկական կոմիտե ստեղծել ու մրցումների անցկացման նոր ուղեցույց մշակել ամենասեղմ ժամկետներում, որպեսզի թիմերը գոնե մարզական տեսանկյունից չհայտնվեին այն վիճակում, որում հիմա գտնվում են՝ սկսած կադրային խնդիրներից, հոգեբանական վիճակից մինչև մարզավիճակ ու սա մրցաշրջանի ամենակարևոր հատվածում, երբ պայքար է ընթանալու մրցանակային տեղերի համար:

լուսանկարները՝ «Շիրակի» ֆեյսբուքյան էջից

Ռիսկի տեսանկյունից ևս թիմերը հիմա ավելի նախանձելի վիճակում չեն, քան մեկ կամ երկու ամիս առաջ և ամենագլխավորը որևէ երաշխիք չկա ու չէր կարող լինել, որ ֆուտբոլիստները կամ ակումբների ներկայացուցիչները չեն վարակվի կամ չեն վարակվելու վիրուսով՝ դրանից բխող հետևանքներով հանդերձ:

Նման պայմաններում ուշադրության է արժանի այն, որ ֆեդերացիայի գործադիր մարմինն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ փոփոխություններ մտցնել խաղացանկի մեջ՝ ելնելով հանրապետությունում այդ պահին տիրող իրավիճակից, կառավարության որոշումներից և պարետատան ցուցումներից, իսկ այսուհետ թիմերի կազմում կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերման դեպքում, ըստ մշակված նոր ուղեցույցի, կառույցը ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ միջոցառումները մրցաշրջանը պատշաճ կերպով ավարտին հասցնելու համար և ՀՀ Պարետատան հետ քննարկումների արդյունքում կայացնելու է համապատասխան որոշումներ՝ ըստ իրավիճակի:

Դժվար է ասել, թե ինչ միջոցառումների մասին է խոսքը: Կոնկրետ ու հստակ դրույթներ այս առումով չկա կամ գուցե կան, բայց հրապարակված ուղեցույցում դրանց մասին ոչինչ չկա: Հնարավոր սցենարները շատ են ու բավականին խնդրահարույց, հետևաբար որոշակի կոնկրետություն այդուամենայնիվ անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ իմանան իրենց օրվա ու հետագա անելիքը, հակառակ պարագայում եթե իրադարձությունները զարգանան անցանկալի սցենարով, ապա դժգոհությունների ու ոչ արդար որոշումների մասին հայտարարությունների պակաս, ըստ ամենայնի, չի լինի:

Կարևոր հանգամանք ևս. երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը առնվազն հուշում է, որ մոտակա ժամանակահատվածում թվերի զգալի կրճատում չի լինի ու այս ֆոնին խոսվում է թիմերի կազմերում կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերման դեպքում միջոցառումներ ձեռնարկելու ու մրցաշրջանը պատշաճ կերպով ավարտին հասցնելու բավականին լավ ցանկության մասին, սակայն կրկին հարց է առաջանում, թե ինչու նույնը չարվեց հենց սկզբում:

Ինչպես կպահի իրեն ֆեդերացիան, եթե օրինակ թիմերից առնվազն մեկում կհայտնաբերվի վարակակիր և պարզ կդառնա, որ նրա հետ շփվածների շրջանակը հասնում է մեկ տասնյակի: Կրկին կդադարեցվի՞ առաջնությունը, թե՞ տվյալ թիմի խաղերը կհետաձգվեն: Այդ դեպքում ինչպե՞ս լինել մրցակիցներին, որոնք ստիպված կլինեն կրկին սպասե՞լ և այսպես շարունակ: Ինչպես կպահի իրեն ֆեդերացիան, եթե դրանից հետո մեկ այլ թիմում ևս կհայտնաբերվի վարակակիր: Որոշում կկայացվի ավարտե՞լ մրցաշրջանը, թե՞ հետաձգել անորոշ ժամանակով, թե՞ տվյալ թիմին կամ թիմերին կհանեն առաջնությունից: Տարբերակները շատ են, յուրաքանչյուրը կարող է դրանք շարադրել: Ստացվում է՝ ամեն ինչ Աստծո ձեռքում է և պետք է միայն աղոթել, որպեսզի ոչ ոք թիմերի կազմերում չվարակվի վիրուսով, իսկ եթե այդպես է, ապա ինչն էր խանգարում դա անել ամենասկզբում:

Այս և այլ նման հարցերն օրակարգում են հիմա, օրակարգում էին նաև մարտ ամսին, սակայն մեկ տարբերությամբ, որ հիմա, ելնելով վիճակագությունից, պատկերն ավելի «սարսափեցնող է»:  Վարակվելու ռիսկը օրակարգում է հիմա, օրակարգում էր նաև մարտ ամսին, սակայն մեկ տարբերությամբ, որ հիմա, ելնելով վիճակագրությունից, վտանգն ավելի մեծ է: Անցանկալի ընթացքի դեպքում անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու ու առաջնությունը պատշաճ մակարդակով ավարտին հասցնելու մասին հարցն օրակարգում է հիմա, օրակարգում պետք է լիներ նաև մարտ ամսին:

Ամփոփելով վերոգրյալը՝ կարելի է արձանագրել, որ գոնե պետք էր փորձել կարճատև դադարից հետո շարունակել առաջնությունը՝ ընթացքում լուծելով ֆինանսական աջակցության ու մնացած հարցերը: Ինչպես անորոշ էր թվում առաջնության հետագա ճակատագիրը մարտ մասին, կարծես ավելի անորոշ է թվում հիմա, այն վերսկսվեց գրեթե նույն կետից, բայց զգալի կորուստներով և ուշացած:

Հաբեթ Հարությունյան

wp-apeth