30 մեդալ՝ 30 տարում. Մարզական Շիրակի հաղթական ուղին և ապագան
Մեդալակիր շիրակցիներից առանձնանում են սամբիստները, որոնք անկախ մարզումային ծանր պայմաններից իրենց օրինակով ու հաղթանակներով փորձել են ու շարունակում են ամուր հիմքերի վրա դնել մարզաձևը ոչ միայն տարածաշրջանում, այլ ամբողջ հանրապետությունում:
Անկախ Հայաստանի պատմության մեջ Աշխարհի և Եվրոպայի առաջնություններից մեդալներով են վերադարձել շիրակցի ինը սամբիստ՝ ընդհանուր հաշվով նվաճելով 30 մեդալ՝ 6 ոսկի, 10 արծաթ, 14 բրոնզ:
Աշխարհի առաջնություններ (1992-2020)
Ընդհանուր հաշվով վեց մարզիկի հաջողվել է ընդհանուր հաշվով նվաճել 11 մեդալ՝ 3 ոսկի, 4 արծաթ, 3 բրոնզ: Երկու սամբիստ է այս ընթացքում ոսկի նվաճել: Երկու անգամ հավասարը չի ունեցել Երվանդ Գրիգորյանը (Թբիլիսի 1997, Կալինինգրադ 1998), մեկ անգամ՝ Գրիգոր Մխիթարյանը (Սոչի 2017): Արծաթե մեդալակիր են դարձել չորսը՝ Երվանդ Գրիգորյանը (Նովի-Սադ 1994), Օքսաննա Ստեպանյուկը (Մինսկ 1992), Սուրեն Մեքինյանն (Սանկտ-Պետերբուրգ 2003) ու Գրիգոր Մխիթարյանը (Բուխարեստ 2018): Բրոնզե մեդալով են վերադարձել երեքը՝ Երվանդ Գրիգորյանը (Խիխոն 1999), Վահան Վարդանյանն (Սանկտ-Պետերբուրգ 2008) ու Մաքսիմ Մանուկյանը (Սոֆիա 2016, Սոչի 2017):
Եվրոպայի առաջնություններ (1992-2020)
Ընդհանուր հաշվով ութ մարզիկի հաջողվել է ընդհանուր հաշվով նվաճել 19 մեդալ՝ 3 ոսկի, 6 արծաթ, 10 բրոնզ: Մայրցամաքի կրկնակի չեմպիոն է Երվանդ Գրիգորյանը (Պանևեժիս 1994, Ալբենա 2003), մեկ անգամ հավասարը չի ունեցել Գրիգոր Մխիթարյանը (Կազան 2016): Արծաթ նվաճել են հինգը՝ Երվանդ Գրիգորյանը (Շյաուլյայ 1998), Օքսաննա Ստեպանյուկը (Կիև 1992), Մաքսիմ Մանուկյանը (Խիխոն 2019), Գրիգոր Մխիթարյանը (Մինսկ 2017, Խիխոն 2019) և Հովհաննես Դավթյանը (Շյաուլյայ 2004): Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր են Երվանդ Գրիգորյանը (Սոֆիա 1999), Վահան Վարդանյանը (Մինսկ 2010, Մոսկվա 2012), Մաքսիմ Մանուկյանը (Զագրեբ 2015, Կազան 2016, Մինսկ 2017), Գրիգոր Մխիթարյանը (Աթենք 2018), Դավիթ Խաչատրյանն (Բելգրադ 2006, Միլան 2009) ու Վահան Հովհաննիսյանը (Միլան 2009):
Ամենատիտղոսակիրները
Անցած ժամանակահատվածում ամենատիտղոսակիրն Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Երվանդ Գրիգորյանն է, որը ընդհանուր հաշվով նվաճել է 8 մեդալ՝ 4 ոսկի, 2 արծաթ, 2 բրոնզե: Հետո գալիս են Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Գրիգոր Մխիթարյանն ու Մաքսիմ Մանուկյանը: Երկուսն էլ ընդհանուր հաշվով նվաճել են 6 մեդալ՝ 2 ոսկի, 3 արծաթ, 1 բրոնզ և 1 արծաթ, 5 բրոնզ համապատասխանաբար: Երեք մեդալ է նվաճել Վահան Վարդանյանը, երեքն էլ բրոնզ: Երկուական մեդալ ունեն իրենց ակտիվում Օքսաննա Ստեպանյուկը և Դավիթ Խաչատրյանը՝ 2 արծաթ և 2 բրոնզ համապատասխանաբար: Մեկական անգամ մեդալով են վերադարձել Սուրեն Մեքինյանը, Հովհաննես Դավթյանն ու Վահան Հովհաննիսյանը:
Կարիերան ավարտելուց հետո
Սպորտը թողնելուց հետո Վահան Հովհաննիսյանը տեղափոխվել է Հունաստան, իսկ Գուրգեն Սևոյանի սան Վահան Վարդանյանը Ռուսաստանում է:
Մնացել են սպորտում
Ռոբերտ Աղաբաբյանի սան Երվանդ Գրիգորյանն անցել է մարզչական աշխատանքի և ներկա պահին աշխատում է Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցում: Մարտին Սարգսյանի սան Օքսաննա Ստեպանյուկը Ռուսաստանում է, սպորտը թողնելուց հետո անցել է մարզչական գործունեության: Սպորտում է մնացել նաև Հրաչ Խաչատրյանի սան Սուրեն Մեքինյանը, որը ներկա պահին ղեկավարում է Գյումրու սամբո-ձյուդոյի մարզադպրոցը: Մարզչական աշխատանքի է անցել նաև Կարեն Սիմոնյանի սան Հովհաննես Դավթյանը, որն ավելի շատ հայտնի է ձյուդոյում գրանցած հաջողություններով: Այս պահին Դավթյանը գլխավորում է ձյուդոյի Հայաստանի հավաքականը, որտեղ նրան օգնում է Գուրգեն Սևոյանի սան Դավիթ Խաչատրյանը:
Կարոն են ավելացնել
Սպորտում դեռ ասելիք ունեն Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցը ներկայացնող Գրիգոր Մխիթարյանն ու Մաքսիմ Մանուկյանը, որոնց մարզում է Հայկ Ավետիսյանը:
Հաբեթ Հարությունյան