Կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորների հեռախոսազանգերը կֆիքսվեն նրանց արագ գտնելու նպատակով
ՀՀ Ազգային ժողովը ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2020 թվականի մարտի 31-ին` ժամը 17:00-ին, գումարել է Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Խորհրդարանի ընդունած որոշման համաձայն` օրենսդրական նախաձեռնությունների երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում:
Արտահերթ նիստի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերից մեկը Կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթն էր, որը քննարկման էր ներկայացվել առաջին ընթերցմամբ ընդունելու համար: Նշենք, որ վերոնշյալ օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել էր Ազգային ժողովի` մարտի 31-ի առավոտյան տեղի ունեցած արտահերթ նիստում, սակայն չէր ընդունվել:
Այս կապակցությամբ ելույթ ունենալով` ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պարզաբանել է, որ խմբակցության 10 անդամ դիտորդական առաքելությամբ գտնվում է Արցախի Հանրապետությունում: Որոշ պատգամավորներ առավոտյան նիստին չեն մասնակցել հիվանդության եւ ռիսկային խմբերում լինելու պատճառով:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնության նպատակը բացառապես վարակակիր անձի հետ շփում ունեցած մարդկանց տեղորոշումն ու հայտնաբերումն է` օգտագործելով տեխնիկական միջոցների` մասնավորապես սմարթֆոնների հնարավորությունները:
Քվեարկության արդյունքում փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է 69 կողմ ձայներով:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է պարտադիր հերձում իրականացնելու դեպքերից նախատեսել բացառություն` կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով անձի մահվան դեպքում` կանխելով հերձման արդյունքում վարակի հնարավոր տարածումը` ելնելով բնակչության կենսաանվտանգության ապահովման առաջնայնությունից:
Նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել է: Կողմ է քվեարկել 69 պատգամավոր:
Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստին չեն մասնակցել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորները: