Փրկարարները 337 կանչի են արձագանքել

Փրկարարները 337 կանչի են արձագանքել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 337 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ 45 հրդեհ է գրանցվել՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 12 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 146 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 50-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Արաբկիր, Աջափնյակ, Քանաքեռ-Զեյթուն, Նոր նորք, Շենգավիթ, Կենտրոն վարչական շրջաններում, Կոտայքում, Լոռիում, Շիրակում, Արարատում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված 16 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 33 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները հրդեհային անտարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպում եւ իրականացում», «Հրդեհաշիջման եւ տարհանման կազմակերպումը սպորտդահլիճում», «Համայնքապետարանում գազի արտահոսքից առաջացած հրդեհի հրդեհաշիջում», «Հրդեհաշիջումը էլեկտրական ենթակայանում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ:

wp-apeth