«Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների գործունեությունը կդադարեցվի

«Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների  գործունեությունը կդադարեցվի

Կառավարությունն ընդունել է «ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը դադարեցնելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ արդյունքում հնարավոր կլինի ապահովել քրեակատարողական համակարգի առավել օպտիմալ և արդյունավետ գործունեությունը, հատկացվող ֆինանսական միջոցների նպատակային տնօրինումը։

Ինչպես նշել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ընդունված որոշման արդյունքում 2022 թվականին կխնայվի 1 մլրդ 200 մլն դրամ: «Բայց այս որոշումը միայն գումարի խնայողության մասին չէ: Սա շատ կարևոր սկիզբ է նաև քրեակատարողական համակարգի հետագա բարելավման, հետագա ռեֆորմների համար: Մենք ունենք 12 քրեակատարողական հիմնարկ, որոշման ընդունման արդյունքում կմնա 10-ը»,-ասել է նախարարը: Ըստ Կարեն Անդրեասյանի՝ առկա 5346 լրակազմից, որտեղ կարող են պահվել ազատազրկվածները, համալրված է 2113-ը. «Գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկներում կիսով չափ այդ տեղերը դատարկ են: Սա, իհարկե, հետևանք է վերջին տարիներին ոլորտում արված մի շարք բարեփոխումների և աշխատանքների: Եվ այդ աշխատանքների արդյունքում ունեցել ենք այսպիսի բեռնաթափում: Միայն համեմատության համար ասեմ, որ օրինակ՝ տարիներ առաջ մենք ունեինք 4530 կալավոր և դատապարտյալ»:

Նախարարը տեղեկացրել է, որ որոշման արդյունքում նախատեսվում է 280 հաստիքի կրճատում: «Մենք խնդիր ունենք նաև քրեակատարողական հիմնարկներում վեթինգ իրականացնելու: 280 աշխատակցից 70-ը տեղափոխվելու են այլ քրեակատարողական հիմարկներ, 50-ը՝ Պրոբացիայի ծառայություն, մնացածը՝ կադրերի ռեզերվ: Մենք այստեղ էլ ունենք խնդիր ՝ կրճատել այն աշխատակիցներին, որոնց վարքը դժգոհություն է առաջացրել կամ կան բարեվարքության կասկածներ, նրանց հաշվին ունենալ աշխատավարձերի աճ պրոֆեսիոնալ աշխատակիցների համար»,-ասել է Կարեն Անդրեասյանը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է դատաիրավական համակարգում տեղի ունեցող բարեփոխումները, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներ պայմանների բարելավման առումով: «Շենքային ընդհանուր համակարգը բարեփոխելու և առնվազն քրեակատարողական նոր հիմնարկ կառուցելու խնդիր պետք է լուծենք առաջիկայում։ Այդտեղ էլ պետք է ստանդարտ սահմանել, որովհետև պետությունը չի կարող ուղղակի խաչ քաշել դատապարտված անձի վրա, այդպիսի բան չի կարող լինել։ Ուզում եմ ուրախությամբ ընդգծել, որ քրեակատարողական հիմնարկներում նաև սննդի հարցն ենք լուծել: Առիթ եմ ունեցել ասելու, որ բացառիկ է իրավիճակը նրանով, որ կալանավորված և դատապարտված անձը պետության տված հացը ուտում է, որովհետև դա արժանապատիվ սնունդ է, իսկ նախկինում այդպես չի եղել։ Այս որոշման հետևում էլ կոնկրետ ընտանիքներ են, և հիմա նրանք ստիպված չեն քրեակատարողական հիմնարկում իրենց կալանավորված հարազատին պահել և ապահովել, բառիս բուն իմաստով, ամեն ինչով։ Այս ուղղությամբ նույնպես աշխատանքները պետք է շարունակենք», -ասել է վարչապետ Փաշինյանը:

wp-apeth