«Standard & Poor’s»-ի կողմից Հայաստանին B+ վարկանիշի շնորհումը մեծացնում է Կառավարության, քաղաքացիների և մասնավոր հատվածի տնտեսական հնարավորությունները

«Standard & Poor’s»-ի կողմից Հայաստանին B+ վարկանիշի շնորհումը մեծացնում է Կառավարության, քաղաքացիների և մասնավոր հատվածի տնտեսական հնարավորությունները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգի քննարկումը, վարչապետն անդրադարձել է «Standard & Poor’s» միջազգային գործակալության կողմից Հայաստանին B+ սուվերեն վարկանիշի շնորհմանը, դրական հեռանկարով՝ ընդգծելով այդ իրադարձության կարևորությունը տնտեսական և ներդրումային միջավայրի զարգացման համար: Նիստի սկզբում ծավալվել է մտքերի փոխանակություն գործընթացի և դրա արդյունքում ստեղծվող տնտեսական հնարավորությունների վերաբերյալ: Ստորև ներկայացվում է Կառավարության նիստի նախաբանի սղագրությունը.

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք Կառավարության՝ 2021 թվականի հոկտեմբերի 14-ի հերթական նիստի աշխատանքները: Մինչ օրակարգին անդրադառնալը, հետևյալի մասին եմ ուզում խոսենք. երեկ հայտնի դարձավ, որ «Standard & Poor’s» միջազգային գործակալությունը վարկանիշ է շնորհել Հայաստանի Հանրապետությանը, և երեկվանից այդ լուրը լայնորեն քննարկվում է: Կխնդրեի, որ Ֆինանսների նախարարը ներկայացներ, թե ինչ է նշանակում դա և ինչ է փոխում մեր կյանքում: Շնորհակալ եմ:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյան — Շնորհակալ եմ: Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, առաջին տարին է, որ «Standard & Poor’s» կազմակերպությունը վարկանշել է Հայաստանի Հանրապետությանը և շնորհել է արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման B+ սուվերեն վարկանիշ՝ դրական հեռանկարով: Առաջին տարին է նաև, որ միաժամանակ Հայաստանին վերաբերող զեկույցներ են հրապարակել վարկանշավորման ոլորտում աշխարհի առաջատար եռյակը՝ «Moody’s»-ը, «Fitch»-ը և «Standard & Poor’s»-ը: Ընդ որում, եթե «Moody’s»-ի և «Fitch»-ի վարկանշավորումը սուվերեն էր և վերաբերում էր միայն Հայաստանի Հանրապետության վարկունակությանը, ապա «Standard & Poor’s»-ի այս վարկանիշի առանձահատկությունն այն է, որ սուվերենից բացի, այն միաժամանակ սահմանել է նաև փոխանցման և փոխարկելիության գնահատական, ինչը կարևոր է մասնավոր հատվածի համար: Վերջինս սահմանվել է B, B-, ինչը նշանակում է, որ Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկություններն ու ֆինանսական հաստատությունները, «Standard & Poor’s» -ի կողմից վարկանշվելու դեպքում, կարող են ստանալ Հայաստանի սուվերեն վարկանիշից մեկ մակարդակ բարձր վարկանիշ:

«Standard & Poor’s» սուվերեն վարկանիշի դրական հեռանկարն արտահայտում է կազմակերպության գնահատականն այն մասին, որ Հայաստանում տնտեսության վիճակի բարելավմանն ուղղված գործոնները գերակշռող են և առաջիկա 12 ամսվա ընթացքում կարող են բերել Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացման: «Standard & Poor’s»-ը նշել է, որ եթե հետագա 2-3 տարվա ընթացքում Հայաստանում տնտեսական աճի սպասումներն արդարացվեն, արտաքին խոցելիությունը նվազի, և պետական բյուջեի կատարողականը լինի սպասվածից դրական, ապա դա կբերի նաև երկրի սուվերեն վարկանիշի հետագա բարելավման: Հայաստանի սուվերեն B+ վարկանիշը հիմնված է այն գնահատականների վրա, որ չնայած արտաքին էական ճնշումներին՝ Հայաստանը հաղթահարել է համավարակի և ռազմական կոնֆլիկտի հետևանքները, առանց վտանգելու երկրի տնտեսական կայունությունը: «Standard & Poor’s»-ն ակնկալում է, որ Կառավարության հնգամյա ծրագրի իրագործումը կհանգեցնի ավելի արագ տնտեսական աճի: Այս կազմակերպության հետ համագործակցությունը կնպաստի Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը և կարագացնի այդ ոլորտում բարեփոխումների ընթացքը՝ հաշվի առնելով, որ սուվերեն վարկանիշը ձեռք է բերվել նաև մասնավոր հատվածի ընկերությունների համար վարկանիշ ստանալու և դրա ներքո տեղական և միջազգային կապիտալի շուկաներ դուրս գալու նպատակով:

Պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, այսինքն՝ այս վարկանիշի հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մեր մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունները, այդ թվում՝ ֆինանսական կազմակերպությունները, ավելի մատչելի միջազգային վարկանիշ ստանալու հնարավորություն են ստացել և դրա ներքո թե՛ հայաստանյան, թե՛ արտաքին շուկաներում ավելի հարմար և հասանելի պայմաններով ֆինանսական միջոցներ են կարողանալու ներգրավել: Շնորհակալ եմ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան: Այսինքն՝ նախ Հայաստանի Հանրապետությունը, նաև այս համատեքստում մասնավոր ընկերությունները եթե դրսից ֆինանսներ, այսինքն՝ վարկեր ներգրավելու անհրաժեշտություն ունեն, այս վարկանշման արդյունքում ավելի էժան վարկեր կստանան: Ինչո՞ւ: Որովհետև երբ միջազգային հեղինակություն ունեցող կազմակերպությունները գնահատում են երկիրը որպես հուսալի գործընկեր՝ ելնելով ֆինանսատնտեսական և մակրոտնտեսական կայունության ցուցանիշներից, այդ պարագայում շուկաներում ավելի ցածր տոկոսով են նրանց գումարներ առաջարկվում:

Հարգելի գործընկերներ, ուզում եմ հիշեցնել, որ վերջին տարիներին մենք 2 անգամ եվրոբոնդերի թողարկում ենք իրականացրել, և երկու անգամ էլ տոկոսների պատմական մինիմում է արձանագրվել: Ընդ որում՝ վերջին անգամ թողարկումն իրականացրել ենք հունվարին, երբ շատ ծանր շրջանում էինք գտնվում: Եվ, այնուամենայնիվ, միջազգային ներդրողները վստահեցին Հայաստանի կառավարության կարողությանը՝ պահպանելու մակրոտնտեսական կայությունը և հաղթահարելու ճգնաժամը: Արդյունքում միջազգային ներդրողները ճիշտ դուրս եկան: Այս ինստիտուտների գնահատականը շատ կարևոր է, որովհետև պոտենցիալ ներդրողները, որոնք շատ կոնկրետ բան ունեն կորցնելու, նրանց գնահատականն ունենում է շատ ավելի ընդարձակ ազդեցություն ընդհանուր իրավիճակի վրա, և սա իսկապես չափազանց կարևոր է: Պարոն Քերոբյան, բան ունեի՞ք ավելացնելու: Համեցեք:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան — Մի քանի դիտարկում, հարգելի գործընկերներ: Առաջինն այն է, որ, իհարկե, մինչև այս պահը որոշ հայկական մասնավոր ընկերություններ ունեցել են «Standard & Poor’s»-ի ռեյտինգավորում, բայց առանց սուվերեն ռեյտինգի այդ գործընթացն անհամեմատ ավելի բարդ և դժվար է ընթանում: Հիմա այս գործողությամբ մենք օգնում ենք, որպեսզի նաև մեր մասնավոր ընկերություններն ավելի հեշտ այդ գործընթացով անցնեն: Երկրորդն այն է, որ, իհարկե, ռեյտինգավորումն օգնում է միջազգային շուկաներին, բայց նաև օգնում է ներքին շուկայում: Նույնիսկ Կենտրոնական բանկը որոշ պահուստավորման նորմատիվների համար ունի արտոնություններ տրված այն ընկերությունների համար, որոնք ունեն ռեյտինգավորում, և ենթադրաբար այդ ընկերությունները տեղական շուկայում էլ ավելի էժան վարկավորում կստանան: Բայց այստեղ ամենակարևորն այն է, որ այսօր, մեր վերջին մի քանի բարեփոխումներից հետո, մենք ընկերությունների արդեն բավական մեծ կոհորտ, խումբ ունենք, որոնք աուդիտ ենք անցնում, մոտեցնում են իրենց կորպորատիվ կառավարման մակարդակը միջազգային ստանդարտներին, և այդ ընկերությունների համար սա իսկապես շատ լավ հնարավորություն է՝ ռեյտինգավորվել և ունենալ ավելի լավ հասանելիություն միջազգային շուկաներին: Մենք հիմա ռեյտինգավորում ենք մեկ պետական ընկերություն՝ Արտահանման ապահովագրական գործակալությունը և, ամենայն հավանականությամբ, հենց «Standard & Poor’s»-ի միջոցով էլ կանենք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Շատ լավ: Պարոն Խաչատրյան, պարոն Գրիգորյան, որ ձայն եք խնդրում, նաև այս հարցին պատասխանեք կամ եթե ոչ, թող պարոն Խաչատրյանը պատասխանի. «Standard & Poor’s»-ի վարկանշումը որևէ առանձնահատկությամբ տարբերվո՞ւմ է «Moody’s»-ի և «Fitch»-ի ռեյտինգավորումից:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան — Շնորհակալություն, պարոն վարչապետ: Փորձեմ պատասխանել, բայց սկզբում ասեմ, թե ինչ էի ուզում ասել և ինչ ռազմավարական նշանակություն ունի այս իրադարձությունը, որն արձանագրված է նաև մեր 2021-2026 թվականների գործունեության ծրագրում։ Դուք խոսեցիք դրա մասին, գործընկերները խոսեցին՝ սա պարտքի շուկայի հասանելիության և պայմանների լավարկման ակնհայտ իրադարձություն է, որը նպաստում է դրան, բայց նաև կապիտալի շուկայի, որը մեզ համար գերկարևոր խնդիր է: Սա իրադարձություն է, որը նաև նպաստում է թե՛ ներքին, թե՛ արտաքին կապիտալի շուկայի ձևավորմանը և մեր մասնավոր հատվածի ընկերությունների մուտքին արտաքին կապիտալի շուկա։ Այս իմաստով սա, իրոք, շատ կարևոր իրադարձություն էր։

Համեմատելով, թե ի լրումն «Moody’s»-ի և «Fitch»-ի սա ինչ է տալիս՝ ասեմ, որ այո, կա ընդունված պրակտիկա, որ դիվերսիֆիկացված գնահատականները շատ ավելի մեծ հուսալիություն են տալիս օտարերկրյա ներդրողներին և ընդհանրապես շուկայի մասնակիցներին։ Որքան շատ լինեն վարկանշումները հեղինակավոր գործակալությունների կողմից, այնքան համարվում է ավելի ճշգրիտ և դիվերսիֆիկացված: Որովհետև մեկ բան է, երբ մեկ աուդիտոր կամ մեկ վարկանիշ շնորհող կազմակերպություն է խոսում դրա մասին, այլ բան է, երբ տվյալ դեպքում 3 առաջատար վարկանիշ շնորհող կազմակերպություն տվել է գնահատականներ, որոնք բավական սիմետրիկ են։ Այստեղ կա մեկ այլ կարևոր բաղադրիչ՝ բոլորի գնահատականների համակարգի մեջ շեղում չկա, գնահատականները շատ համահունչ են, այսինքն՝ outlook-ն էլ, կայունությունն էլ 3 հավաստում են ստանում: Դա շատ կարևոր է մեր ռազմավարական նպատակի՝ կապիտալի շուկայի ձևավորման ուղղության համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Պարոն Խաչատրյան, խնդրեմ, մասնավորապես, պարզաբանեք «Standard & Poor’s»-ի գնահատականի առնչությունը կապիտալի շուկայի հետ կապված. ինչո՞վ է սա մեզ ավելի մոտեցնում ներքին կապիտալի շուկայի զարգացմանը և արտաքին կապիտալի շուկաներ մուտք գործելու մեր ընկերությունների հնարավորությանը։

Հարգելի գործընկերներ, ուզում եմ պարզաբանել, որ խոսքը հետևյալի մասին է. կապիտալի շուկա ասելով մենք նկատի ենք ունենում այն, երբ ընկերությունները հնարավորություն ունեն իրենց բաժնետոմսերը հանել բաց բաժանորդագրության, որպեսզի մարդիկ, ընկերությունները, քաղաքացիները կարողանան ներդրումներ անել, այսինքն՝ բաժնետոմս գնել և ֆինանսավորում ապահովել ընկերությունների համար։ Ինչո՞վ է սա կարևոր: Նրանով, որ այսօր մեր տնտեսությունը վարկավորման մեկ աղբյուր ունի՝ բանկերը, վարկերը, որոնք ունեն առանձնահատկություններ, մասնավորապես՝ դրա համար անհրաժեշտ է գրավ և այլն։ Բարդություններ: Քաղաքացիները նույնպես իրենց խնայողությունները ներդնելու մեկ տեղ ունեն՝ բանկային համակարգ։ Երբ կապիտալի շուկան զարգանում է, և քաղաքացին այլընտրանք ունի, նա կարող է բանկում ավանդ դնել և որոշել, որ ինչ-որ ընկերության բաժնետոմս է գնում: Հետևաբար, որքան այդ ընկերության շահույթները ավելանան, նաև իր պոտենցիալ դիվիդենտը կավելանա։ Երբ քաղաքացիները բրոկերային ընկերությունների միջոցով են ներդնում կամ հնարավորություն են ունենում նաև ուղիղ դա անել, նրանց համար էլ է սա կարևոր, որովհետև նրանք նայում են վարկանշող ընկերությունների գնահատականը բաժնետոմս առաջարկող ընկերություններին, և առաջին կողմնորոշումը, իհարկե, անում են այս ընկերությունների գնահատականի միջոցով:

Ուզում եմ հիշեցնել, որ կորոնավիրուսից առաջ այս թեման շատ ակտիվ քննարկում էինք, և սա լավ առիթ է, որպեսզի վերադառնանք դրան։ Պետք է շատ ինտենսիվ աշխատենք մեր մասնավոր հատվածի հետ, որպեսզի ընկերությունները դուրս գան կապիտալի շուկա՝ քաղաքացիներին հնարավորություններ տալով։ Ենթադրում եմ, որ այսպիսի կոմբինացիան նաև կմեծացնի վարկերի մատչելիությունը: Որովհետև եթե շուկայում կա այլընտրանք, բանկերն էլ ստիպված կլինեն տոկոսադրույքային ավելի ճկուն քաղաքականություն վարել, ինչը նոր օդ, նոր արյուն կարող է ներարկել մեր տնտեսության մեջ։

Պարոն Խաչատրյան, նկատի ունեմ՝ առանձնահատկությունը ո՞րն է, որ հատկապես «Standard & Poor’s»-ի վարկանշումն ենք մենք ընդգծում կապիտալի շուկայի զարգացման տրամաբանության մեջ։

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյան — Պարոն վարչապետ, պարզաբանեմ հարցը. աշխարհում ընդունված է, որ «Moody’s»-ը և «Fitch»-ն աշխատում են ավելի խոշոր կազմակերպությունների հետ: Այսինքն՝ այդ կազմակերպությունների հենց չափը պայման է, որպեսզի ընկերությունները կարողանան դիմել՝ այդ երկու կազմակերպությունների վարկանիշն ստանալու ծառայությունը վերցնելու համար: Ընդունված է նաև կարծել, որ «Standard & Poor’s»-ն իր անցյալ պրակտիկայում ավելի հաճախ աշխատել է փոքր կազմակերպությունների հետ, իսկ Հայաստանի տնտեսության կառուցվածքն այնպիսին է, որ մեզ մոտ մեծ քանակով միջին, փոքր կազմակերպությունները կարող են դիմել նման հեղինակավոր միջազգային կազմակերպության վարկանիշը վերցնելու համար: Դա է պատճառը, որ Կենտրոնական բանկի հետ կապիտալի շուկայի զարգացման հարցերը քննարկելու ժամանակ շատ երկար քննարկում էինք՝ արդյոք երրորդ վարկանշային կազմակերպությունը պե՞տք է բերել Հայաստան, թե՞ ոչ: Կենտրոնական բանկի և մեր քննարկումների հիմնական եզրակացությունն այն է, որ «Fitch»-ը և «Moody’s»-ը Հայաստանում են 2006 թվականից ի վեր, բայց քանի որ մասնավոր հատվածի կազմակերպությունների համար բավարար հասանելի չեն՝ խոշորների հետ աշխատելու պրակտիկայի պատճառով, երրորդի՝ «Standard & Poor’s»-ի մուտքը Հայաստան և Հայաստանին սուվերեն վարկանիշ տալը, հետո նաև՝ դրա արդյունքով մասնավոր կազմակերպությունների վարկանշման հնարավորություն բացելը կօգնի, որ մեր փոքր, միջին կազմակերպությունները նույնպես անցնեն այդ ճանապարհն ավելի հասանելի եղանակով:

Ինչո՞ւ է դա կարևոր: Երբ վարկանշված կազմակերպություններն արդեն ցուցակված կլինեն, թե՛ հայաստանյան, թե՛ օտարերկրյա փոքր ներդրողները, որոնք չեն ուզում այդ կազմակերպությունների ֆինանսական հաշվետվություններն ամբողջությամբ կարդալ, որ որոշեն՝ իրենք արժանի՞ են համարում այդ կազմակերպությանն իրենց գումարները վստահելը, թե՞ ոչ, նայելու են վարկանիշին: Այսինքն՝ եթե B, B- ունի, ուրեմն աշխարհի բոլոր B, B- ունեցող կազմակերպությունների չափ հուսալի կազմակերպություն է, և որպես պորտֆելային ներդրում իրենք իրենց գումարների մի մասն այդ հարթակի միջոցով վստահելու են կազմակերպությանը: Սա ամենակարևոր փոխանցող մեխանիզմն է, որ թույլ է տալիս փոքր ներդրողներին շատ չփորձել հասկանալ, ինքնուրույնաբար վերլուծել այն կազմակերպությունները, որտեղ իրենք ներդրումներ են կատարելու: Դրա համար էլ ասում ենք, որ հատկապես կապիտալի շուկայի զարգացման տեսանկյունից՝ որքան շատ լինի այսպիսի վարկանիշ ունեցող կազմակերպությունների քանակը, այնքան ավելի մեծ կլինի ներդրողների հնարավորությունը՝ տարբերակված, դիվերսիֆիկացված ներդրումներ կատարելու: Սա է հիմնական բացատրությունը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան — Ուզում եմ նշել 2 առանձնահատկություն, որն ունի «Standard & Poor’s -ի վարկանշումը՝ համեմատած «Fitch»-ի և «Moody’s»-ի: Մեկն այն է, որ չնայած «Standard & Poor’s»-ը տվել է մոտավորապես համարժեք վարկանիշ, բայց տվել է դրական հեռանկարով՝ ի տարբերություն «Fitch»-ի և «Moody’s»-ի, որոնք տվել են կայուն հեռանկարով: Սա այս վարկանիշի շատ կարևոր առանձնահատկություն է, որովհետև «Standard & Poor’s -ը հավատում է ավելի դրական զարգացումների:

Մյուսը, որը շատ հետաքրքիր էր արձանագրել՝ իրենք հատուկ նշել են, որ Կառավարության ծրագրի իրագործումը հնարավորություն կտա բարձրացնել սուվերեն ռեյտինգը, և իրականում շատ բարձր են գնահատել Կառավարության ծրագիրը հենց ինքնին: Այսինքն՝ իրենք արձանագրում են, որ մենք Կառավարության լավ ծրագրով ենք հանդես գալիս և հիմա պետք է կենտրոնանանք դրա իրագործման վրա:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան — Նշանակության իմաստով մեկ բան էլ ասեմ, պարոն վարչապետ: Այս ամենի ներքո դիվերսիֆիկացման խնդիրը ու հնարավորությունները շատ կարևոր են, որովհետև մենք խոսում ենք մասսայական դիվերսիֆիկացված, փոքր ներդրումների մասին, որը շատ կարևոր նշանակություն ունի, նույնիսկ կարող եմ ասել՝ ավելի կարևոր, քան խոշոր ներդրումները: Այս տիպի գնահատականների համակարգը, իրոք, տալիս է հնարավորություն՝ ռեալ զարգացնելու այդ շուկաները: Որովհետև եթե ներդրողը ցանկություն ունի 500 հազար դրամ ներդրում անել, նա ռիսկը չի գնահատելու: Պետք էլ չէ գնահատել ու մտածել համակարգերի մասին. ո՛չ ունակություն ունի, ո՛չ պետք է ունենա, ո՛չ դրա ժամանակն ունի, ո՛չ պետք է ունենա: Լրիվ նորմալ է, որովհետև ինքն ինտերնետով ուղղակի պետք է այդ ներդրումը կատարի:

Երբ պետությունն ունի վարկանիշ «Standard & Poor’s» -ով, նաև մասնավորը, որն այդ թողարկումն արել է, ունի վարկանիշ «Standard & Poor’s» -ով, ներդրողի համար մնում է մեկ բան հասկանալ՝ ներդրում անել կամ չանել, դա էլ եկամտաբերությունն է՝ իր ռիսկով: Սա արդեն հնարավորություն է կապիտալի շուկայի դիվերսիֆիկացված ու մասսայական աշխատանքի համար, ինչը, նորից եմ ուզում արձանագրել, շատ կարևոր է: Մենք պետք է այս ճանապարհով հետևողականորեն առաջ գնանք, որովհետև փոքր ու դիվերսիֆիկացված ներդրումներն ամենակարևոր խնդիրն են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Կարծում եմ՝ թեմայի լրացուցիչ պարզաբանման կարիք կա: Ե՛վ պարոն Գրիգորյանը, և՛ պարոն Խաչատրյանն ընդգծեցին՝ կարևոր է, որ պոտենցիալ փոքր ներդրողը, ընդհուպ քաղաքացին, որն ուզում է իր խնայողությունները ճիշտ տեղում ներդնել, այս դեպքում կարիք չունի ընկերության մասին շատ մանրամասներ իմանալ: Ինքը նայում է՝ ասենք «Standard & Poor’s» -ը գնահատել է, վարկանշել է, այդ վարկանիշը կողմնորոշիչ է: Բայց սա այսբերգի երևացող կողմն է: Չերևացող կողմը հետևյալն է. որպեսզի որևէ մասնավոր ընկերություն ստանա «Standard & Poor’s»-ի վարկանիշ, պետք է լինի թափանցիկ: Դիմելուց առաջ կա գործողություն՝ նա պետք է պարտադիր հրավիրի միջազգային հեղինակություն ունեցող աուդիտ, և այդ ընկերությունները Հայաստանում գործում են: Այդ աուդիտի եզրակացության հիման վրա է, որ «Standard & Poor’s»-ը և միջազգային վարկանշող ընկերությունները վարկանիշ են տալիս: Սա էլ իր հերթին բերում է լրացուցիչ էֆեկտների. որպեսզի ընկերությունը մաքսիմալ դրական վարկանիշ ստանա, պետք է ի ցույց դնի իր ողջ ներուժը, որպեսզի ի ցույց դնի իր ողջ ներուժը, պետք է ստվերից ամբողջությամբ դուրս գա և գա սպիտակ դաշտ: Սա իր հերթին բերում է արդեն հարկային վարչարարության պարզեցման: Սա իր հերթին բերում է նաև այն պրոցեսին, որին վերջին տարիներին ականատես ենք լինում՝ աշխատատեղերի տեղափոխում ստվերային դաշտից արդեն երևացող դաշտ: Սա բերում է պետական եկամուտների լրացուցիչ աճի: Սա մեծացնում է պետության, Կառավարության, քաղաքացիների և մասնավոր հատվածի հնարավորությունը: Պարոն Գալստյանին էլ ձայն տամ, և այստեղ ես լրացուցիչ առաջարկ ունեմ:

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան — Շնորհակալություն, պարոն վարչապետ: Լրիվ համաձայնվելով Ձեր ասած մտքի հետ՝ ուղղակի ավելացնեմ: Մեր սուվերեն վարկանիշի ստացումը «Standard & Poor’s»-ի կողմից նվազեցնում է մասնավոր ընկերությունների ծախսը, որովհետև եթե մենք սուվերեն վարկանիշն ստացած չլինեինք, «S&P»-ն գար վարկանշելու որևէ մասնավոր կազմակերպություն, ծախսերի մեջ ներառելու էր սուվերեն կոմպոնենտի հաշվարկի ծախսերը ևս: Հիմա քանի որ մենք արդեն սուվերեն վարկանիշն ստանում ենք, «S&P»-ն հետազոտելու է միայն կոնկրետ ընկերության վարկանիշը, թափանցիկությունը, գործունեությունը: Այս առումով, կարծում եմ, պետությունն իր կողմից անհրաժեշտ քայլն արել է, և Ձեր կողմից բարձրացված հարցի առումով, երևի պետք է հորդորել մասնավոր ընկերություններին՝ ևս գնալ այդ ճանապարհով, բաց, թափանցիկ, հաշվետվողական լինել, որպեսզի կարողանան միջոցներ ներգրավել ու ծավալել իրենց գործունեությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Այնուամենայնիվ, որպեսզի շարունակենք, կիսատ չթողնենք աշխատանքը, կարծում եմ, որ մեր Կառավարությունը պետք է աշխատի այն պոտենցիալ ընկերությունների հետ, որոնք կարող են վարկանշվել, աջակցենք նրանց և, ի վերջո, իրականացնել բաժնետոմսերի թողարկում մեր ներքին շուկայում: Կարծում եմ՝ այն խնդիրը, որ դրել ենք մեր առաջ դեռևս 2018 թվականին, պետք է 2022-2023 թվականներին ամեն ինչ անենք, որպեսզի ի հայտ գան արդեն այդպիսի կոնկրետ ընկերություններ: 1-2 ընկերության կողմից հաջող թողարկումն էական փոփոխություններ է բերելու ամբողջ տնտեսական դաշտում՝ սկսած աշխատելու մշակույթից և շարունակած ֆինանսական միջոցների հասանելիությամբ: Եկեք պայմանավորվենք, որ այս կետից սկսած կոնկրետ ծրագիր կունենանք՝ այն պոտենցիալ ընկերությունների հետ աշխատելու, որոնք կարող են գնալ այս ճանապարհով: Կրկնեմ՝ սա, ի վերջո, և՛ կթեթևացնի բեռը բանկային համակարգի վրա, և՛ քաղաքացիներին, և՛ մասնավոր ընկերություններին կտա հնարավորություն, և՛ կբարելավվի նաև պետության, Կառավարության գործերը տնտեսական աճ ապահովելու առումով:

wp-apeth