Մեթամֆետամինի իրացման դեպքեր են բացահայտել

Մեթամֆետամինի իրացման դեպքեր են բացահայտել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները տարաբնույթ օպերատիվ-հետախուզական ու քրեադատավարական միջոցառումների արդյունքում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական տվյալներն են ստացել, որոնք իրացրել են՝ համագործակցելով Շենգավիթի բաժնի ծառայողների հետ, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

«Հոկտեմբերի 1-ին նախ հայտնաբերեցին Արտաշատում բնակվող 35-ամյա տղամարդու, որը Երևանի Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկից բերման ենթարկվեց Շենգավիթի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամին։ Նույն օրը նույն կասկածանքով, «BMW» մակնիշի մեքենայով հանդերձ, Արաբկիր վարչական շրջանից Շենգավիթի բաժին բերման ենթարկվեց 53-ամյա տղամարդ։ Նրա, ինչպես և մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանա, մեթամֆետամին ու դանակ։ Հոկտեմբերի 1-ին՝ արդեն երեկոյան, Շենգավիթի բաժին բերման ենթարկվեց 22-ամյա աղջիկ, որի խուզարկությամբ ևս մեթամֆետամին հայտնաբերվեց։ Ըստ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների տվյալների՝ բերման ենթարկվածները թմրամիջոցները ձեռք էին բերել Երևանում բնակվող 39-ամյա մի տղամարդուց։ Հետագա միջոցառումներով այդ տվյալները հաստատվեցին։ 39-ամյա տղամարդը ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նրա մեքենայի խուզարկությամբ մեթամֆետամին հայտնաբերվեց։ 39-ամյա տղամարդը նախ ձերբակալվեց, ապա նրան մեղադրանք առաջադրվեց։ Նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
wp-apeth