Աշնանացան ցորենի սերմերի գինը կսուբսիդավորվի կամ կփոխհատուցվի

Աշնանացան ցորենի սերմերի գինը կսուբսիդավորվի կամ կփոխհատուցվի

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021 թ. պետական աջակցության» ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարմամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ծրագրի նպատակն է կորոնավիրուսի տնտեսական և ռազմական դրության, ինչպես նաև սակավաջրության հետևանքների մեղմման, պարենային անվտանգության ապահովման համար աշնանացան ցորենի սերմերի գնի մասնակի սուբսիդավորման կամ փոխհատուցման միջոցով նպաստել ագրոտնտեսական բարձր ցուցանիշներով օժտված սերմերի հասանելիության ապահովմանը, բերքատվության բարձրացմանը, ցանքատարածությունների ավելացմանը՝ նաև չմշակվող հողերի օգտագործման միջոցով։ Ծրագրի շրջանակում 2021 թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարության հրապարակած մատակարարների կողմից ծրագրով նախատեսված ՀՀ բոլոր մարզերում իրականացվելու են աշնանացան ցորենի սերմացուի վաճառք: Մարզերից ստացված նախնական տեղեկատվությամբ պահանջարկը կազմում է 4 700 000 կգ աշնանացան ցորենի սերմացու, որի արդյունքում կիրականացվի շուրջ 13 429 հա ցանքս: Ծրագրով սուբսիդավորվելու է 1 կգ ցորենի համար սահմանված նվազագույն շահավետ գնի 70 դրամը, որի համար անհրաժեշտ է 329.0 մլն դրամ գումար: Պահանջվող գումարն առաջարկվում է տրամադրել մի շարք միջոցառումներով նախատեսված չօգտագործված ֆինանսական միջոցներից:

Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ծրագիրն առաջին անգամ գործարկվել է անցած տարի. 4200 տոննա ցորեն է ցանվել 15 հազար հեկտարի վրա: Նախարարն ընդհանուր առմամբ դրական և հաջողված է համարել ծրագրի իրականացումը:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է. «Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրեցինք, որ շատ դեպքերում մեր գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիները ֆինանսական խնայողություններ անելու պատճառով ոչ թե բարձրորակ սերմացու են ցանում, այլ ուղղակի իրենց նախորդ բերքից ստացած կամ շուկայից գնած սովորական ցորենը կամ հացահատիկը, ինչը ի սկզբանե արդեն որևէ արդյունավետություն չի խոստանում: Այս ծրագիրը ստեղծեցինք հետևյալ նկատառումներով. քաղաքացուն ասում ենք` ենթադրենք դուք 70 դրամ եք տալիս սովորական ցորեն գնելու և այն որպես սերմ օգտագործելու համար, մենք ձեր այդ գումարին լրացուցիչ ավելացնում ենք այնքան, որպեսզի դուք կարողանաք լիցենզավորված սերմ գնել»:

Վարչապետն ընդգծել է, որ կառավարության պատասխանատվությունն է գյուղացիներին իրոք սերտիֆիկացված սերմերով ապահովելն ու երաշխավորելը. «Ես ուզում եմ հիշեցնել, որ տարիներ առաջ մի պատմություն է եղել Հայաստանում, երբ պետական ծրագրով իբր սերտիֆիկացված սերմ է ցանվել, բայց արդյունքում գյուղացիները հայտնվել են մեծ պարտքերի տակ, մի քանի քրեական գործեր են հարուցվել, որոնք չեմ բացառում, որ մինչև հիմա էլ քննվում են: Այնպես որ, այստեղ մեր տեսչական, մաքսային և վերահսկողական լիազորություն ունեցող բոլոր մարմինները պետք է հստակ կարողանան ապահովել, որ առաջարկվող սերտիֆիկացված սերմացուի անվան տակ վաճառվող սերմերը իրոք սերտիֆիկացված լինեն»:

Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ այս ծրագրով փորձ է արվում աջակցել գյուղացիական տնտեսություններին. «Ուզում եմ նաև հիշեցնել, երբ մենք ծրագիրը սկսել ենք, նախապես հայտարարել ենք, որ այն ժամանակավոր է լինելու: Մենք պարզապես փորձ ենք անում աջակցել մեր գյուղացիական տնտեսություններին, որ իրենք սեփական օրինակով տեսնեն, թե այդ մի քանի դրամ ավելի ծախսելը գործնականում ինչքան անգամ ավելի եկամուտ կարող է բերել»: Այդ համատեքստում վարչապետն ընդգծել է նաև գյուղատնտեսության ապահովագրության համակարգի կարևորությունն ու դրա զարգացման անհրաժեշտությունը:

wp-apeth