Կփոխհատուցվի մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ոռոգման ջրի վարձավճարը

Կփոխհատուցվի մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ոռոգման ջրի վարձավճարը

Կառավարությունը հաստատել է մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագիրը: Նման որոշման ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործման, նոր հողատարածքների ավելացման, մատակարարված ոռոգման ջրի հաշվառման գործընթացի բարելավման, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովման, գյուղատնտեսությամբ զբաղվողների ֆինանսական բեռի նվազեցման անհրաժեշտությամբ: Ըստ հիմնավորման՝ հանրապետությունում առկա են գերնորմատիվային հողատարածքներ, որտեղ ոռոգման ջրի պահանջարկը ավելի է 2-3 անգամ: Ծրագրի շրջանակում կանխատեսվող կաթիլային, անձրևացման համակարգ ներդրողները 22 հազ. հա հողատարածքի համար կօգտագործեն շուրջ 88.5 մլն մ3 ջուր, որի արդյունքում ոռոգման ջրի ծախսը կնվազի 2-3 անգամ: Արդյունքում՝ հնարավորություն կտրվի այդ տարածքներում աճեցնել ջրախնայող մշակաբույսեր, կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերով ջուրը կօգտագործվի արդյունավետ եղանակով:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագրի իրականացումը և նշել, որ այն նախընտրական խոստումներից է: «Մենք ունենք նաև պետական ծրագիր կաթիլային ոռոգման համակարգին անցնելու աջակցման, որի շրջանակում քաղաքացին վարկ է ստանում 0 տոկոսով: Այս գործընթացը շատ կարևոր է, և մենք պետք է իրականացնեք: Պետք է արձանագրենք՝ ոռոգման այն մեթոդը, որն այսօր Հայաստանում լայնորեն օտագործվում է, ապագա չունի, որովհետև ջրային ռեսուրսները գնալով ավելի են թանկանալու, կլիմայի փոփոխությունների բերումով դառնալու են ավելի պահանջված և ենթադրաբար երաշտներն առաջիկայում ավելի են տեսանելի լինելու: Այսինքն՝ մենք պետք է հասկանանք, որ ավանդական ոռոգման ձևերն ապագա չունեն և հետևաբար ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ամբողջ հանրապետությունն անցնի կաթիլային ոռոգման»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ դրան զուգընթաց անհրաժեշտ է նաև խթանել ինտեսիվ գյուղատնտեսության զարգացումը:

Ընդգծելով կաթիլային ոռոգման համակարգի կարևորությունը՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այն շատ լավ հնարավորություն է գյուղատնտեսությամբ զբաղվող մեր քաղաքացիների համար. «Քաղաքացիները հնարավորություն ունեն այս ծրագրի շրջանակում մինչև ոռոգման հաջորդ սեզոնի մեկնարկն անցնել կաթիլային ոռոգման կամ անձրևացման համակարգի, այդ թվում՝ պետական աջակցության միջոցով, և 2022 թվականի ոռոգման սեզոնի մեկնարկից մինչև 2027 թվականը ոչ մի լումա, դրամ չվճարել ոռոգման համար»:

Վարչապետն անդրադարձել է նաև տնամերձ հողամասերի մշակման հարցին. «Մեր քաղաքացիները տնամերձ այգիները շատ մեծ մասով չեն դիտարկում որպես եկամտի պոտենցիալ աղբյուր: Գործնականում այստեղ նույնպես մենք որոշակի մտածողության փոփոխության կարիք ունենք: Խորհրդակցելով, թե ինչպես կարող ենք փոխել այս իրավիճակը, մի այսպիսի գաղափար է հղացել՝ իրականացնել պետական ծրագիր. այն քաղաքացիները, որոնք կհամաձայնվեն իրենց այգու հողատարածքը մաքրել չսերտիֆիկացված ծառերից, ապա կառավարությունը փոխարենը կտա սերտիֆիկացված տնկի, եթե իրենք կունենան նաև կաթիլային ոռոգման համակարգ: Ես համապատասխան հանձնարականը տվել եմ արդեն և հույս ունեմ, որ առաջիկայում կքննարկենք նաև այդ ծրագիրը»:

Գործադիրն ընդունել է մեկ այլ որոշում՝ Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում մինչև 2021 թ. ապրիլի 1-ը ծրագրին դիմած, վարկավորված, սակայն հավաստագիր չստացած տնտեսավարողների համար հավաստագրի առկայության նախապայմանը հոկտեմբերի 15-ից հետո ֆինանսական կառույցների կողմից չկիրառելու անհրաժեշտությամբ։ Ըստ հիմնավորման՝ 2019 թ-ից իրականացվող ծրագրի նկատմամբ հանրապետությունում ձևավորվել է բավականին մեծ հետաքրքրվածություն, որն արտահայտվում է շահառուների մեծ թվով։ Մինչև 2021 թ. հունիսի 30-ը ծրագրի շրջանակում տրամադրվել է 62825 միավոր վարկ՝ շուրջ 151.2 մլրդ դրամ գումարով։ Սուբսիդավորման գումարը կազմել է շուրջ 11.2 մլրդ դրամ: Ներկայումս առկա են շուրջ հազար տնտեսավարողներ, որոնք դիմել են մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը, վարկավորվել են, սակայն հավաստագիր չեն ստացել։ Վերջիններս մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը ֆինանսական կառույցներին հավաստագիր չներկայացնելու դեպքում կդադարեն համարվել ծրագրի շահառու, և նրանց վարկի տոկոսադրույքի նկատմամբ կկիրառվի վերահաշվարկ:

wp-apeth