Ծովատեղում ջրային ցանց է կառուցվում, Նորագյուղում վերակառուցվում է մարզադաշտը, Դրմբոնում տներ են վերանորոգվում

Ծովատեղում ջրային ցանց է կառուցվում, Նորագյուղում վերակառուցվում է մարզադաշտը, Դրմբոնում տներ են վերանորոգվում

ԱՀ Մարտունու շրջանի Ծովատեղ համայնքն ունի 146 բնակիչ. պատերազմից հետո բոլորն էլ վերադարձել են գյուղ: Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է Ծովատեղի համայնքապետ Սամվել Աբրահամյանը:

«Պատերազմն ավարտվելուն պես՝ գյուղացիները վերադարձել են գյուղ։ Մեծ սիրով կընդունենք մեր տեղահանված հայրենակիցներից 12 ընտանիքի, բայց տրամադրվելիք տները վերանորոգման կարիք ունեն: Դպրոցն այս ուսումնական տարում ընդունել է 13 աշակերտի։ Շենքային պայմանները բարեկարգ են: Մանկապարտեզ չունենք, քանի որ գյուղում մանկապարտեզի ենթակա երեխաների թիվը քիչ է։ Գյուղում գործում են համայնքային կենտրոն, բուժկետ, որոնց շենքային պայմանները վատթար են: Հանդիսությունների սրահը նոր է, նախատեսված է 180 հոգու համար: Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված չէ, բայց անհրաժեշտությունն օր֊օրի էլ ավելի է զգացվում։ Ամառային շրջանում ջրի խնդիր ունեինք, այս պահի դրությամբ ջրային ցանց է կառուցվում: Պատերազմի ընթացքում 1 տուն ավերվել է, որը «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից վերանորոգվել է: Մի քանի տներ էլ մասնակի վնասներ են կրել»,- նշել է Ս. Աբրահամյանը: Նա տեղեկացրել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ 6 համագյուղացի է վիրավորվել։

Խոսելով բնակիչների զբաղվածության մասին՝ զրուցակիցը մանրամասնել է, որ հիմնական ուղղություններն են անասնապահությունը, հողագործությունը, բանջարաբոստանային կուլտուրաների մշակումը:

Վերակառուցվում է Նորագյուղի մարզադաշտը

ԱՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի մարզադաշտը վերակառուցվում է։ Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել էՆորագյուղ համայնքի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանը և նշեել, որ  ներկա դրությամբ ընթացքի մեջ են մարզադաշտի ցանկապատման աշխատանքները:

«Աշխատանքները սկսվել են մեկ շաբաթ առաջ՝ մեր համագյուղացի, երևանաբնակ Սևան Ասլանյանի նախաձեռնությամբ։ Ուրախ ենք, որ երկարատև սպասումներից հետո վերջապես գործընթացը մեկնարկել է ։ Ֆինանսավորումն իրականացնում է  «Երազանք» հիմնադրամը։ Աշխատանքներն, ըստ  նախատեսվածի,  կավարտվեն  սեպտեմբերի վերջին, իսկ մինչ այդ Նորագյուղի ֆուտբոլային թիմը և դպրոցականները մարզումները կանցկացնեն մարզադաշտի մոտակայքում գտնվող ասֆալտապատված փոքր խաղադաշտում: Ակնկալում ենք, որ մարզադաշտի վերակառուցումից հետո մեր համայնքում  մարզական կյանքն էլ ավելի կաշխուժանա», – ասել է Վ. Պետրոսյանը:

Դրմբոնում վերաբնակիչների համար տներ են վերանորոգվում

ԱՀ Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքն ունի 370 բնակիչ. պատերազմի ավարտից հետո գյուղից հեռացողներ չեն եղել: Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է Դրմբոնի համայնքապետ Աշոտ Հակոբյանը:

«Համայնքում վերաբնակեցրել ենք հինգ ընտանիքի՝ 18 հոգով: Այս պահի դրությամբ 3 տուն վերանորոգվում է՝ տեղահանված այլ ընտանիքների տրամադրելու համար: Դպրոցն ունի 83 աշակերտ։ Մանկապարտեզ չի գործում, այս պահի դրությամբ շենքը վերակառուցվում է: Գյուղում գործում են համայնքային կենտրոն, բուժկետ, որոնց շենքային պայմանները լավ են. ունենք նաև հանդիսությունների սրահ: Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված է»,- նշել է Ա. Հակոբյանը: Նա ցավով տեղեկացրել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում մեկ համագյուղացի է զոհվել, չորսն էլ  վիրավորվել են։

Խոսելով բնակիչների զբաղվածության մասին՝ զրուցակիցը ասել է, որ բնակչության մեծ մասն աշխատում է «Բեյս մեթալս» ընկերությունում, գյուղացիները  զբաղվում են նաև  անասնապահությամբ, հողագործությամբ ու բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ:

wp-apeth