Զոհված ազատամարտիկ Սեյրան Հարությունյանի հիշատակին նվիրված մրցաշար է մեկնարկել

Զոհված ազատամարտիկ Սեյրան Հարությունյանի հիշատակին նվիրված մրցաշար է մեկնարկել

Սեպտեմբերի 8-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան Հանրապետական մարզադաշտում մեկնարկել է ՀՀ աթլետիկայի բազմակի չեմպիոն, զոհված ազատամարտիկ Սեյրան Հարությունյանի հիշատակին նվիրված մրցաշար:

ԱՀ թեթև աթլետիկայի ֆեդերացիայի փոխնախագահ, ՀՀ և ԱՀ վաստակավոր մարզիչ Արտո Առստամյանի խոսքով ՝ հուշամրցաշարին կմասնակցեն Ստեփանակերտ և Կապան քաղաքների, Ասկերան, Մարտունի և Մարտակերտ շրջկենտրոնների թիմերը:

«Արցախցիների մարտնչող ոգին անկոտրում է և բարեհաջող ապագայի հանդեպ հավատով առլեցուն: Այս հուշամրցաշարի կազմակերպումը դրա առհավատչյան է՝ նվիրված 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված մեր նահատակների հիշատակին: Մրցաշարի շրջանակներում կանցկացվեն տղաների և աղջիկների միջև վազքի ու հեռացատկի մրցումներ: Մասնակիցները կպարգևատրվեն պատվոգրերով, իսկ մրցանակային առաջին, երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրածները՝ դրամական պարգևներով», — «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ասաց Ա.Առստամյանը:

Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի բազմակի չեմպիոն Ռոբերտ Էմմիյանի համոզմամբ՝ հայ մարզիկների առջև մեծ հեռանկարներ կան, և պետք է ամեն ինչ անեն, որ այս մրցումներին Հանրապետության բոլոր քաղաքներից, մարզերից մասնակիցներ լինեն, իսկ ձգտումը անցկացվող հուշամրցաշարերը միջազգային դարձնելն է:

Մարտակերտի թիմի մասնակից Գևորգ Գաբրիելյանը մեզ հետ զրույցում կարևորեց այն փաստը, որ հուշամրցաշարը նվիրված է ազատամարտիկ Սեյրան Հարությունյանի հիշատակին:

«Մենք մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերում այս մրցաշարին և ակնկալում ենք մեծ հաղթանակներ ու գոհացուցիչ արդյունքներ: Մրցակիցներին մաղթում եմ հաջողություն, ինքս շարժվում եմ «կհաղթի ուժեղը» կարգախոսով»,- նշեց Գ. Գաբրիելյանը:

Հուշամրցաշարին ներկա էին զոհված ազատամարտիկի մայրը՝ Աիդա Հարությունյանը, պաշտոնատար անձինք, ՀՀ-ից ժամանած մարզիկներ և մարզիչներ, ոլորտի ներկայացուցիչներ:

Հավելենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին։

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Քննարկվել են Արցախում թեթև աթլետիկայի զարգացման հեռանկարները։ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Էմմիյանին Արցախում սպորտի և ֆիզիկական կուլտուրայի բնագավառում ունեցած մեծ ավանդի և ցուցաբերած աջակցության համար՝ հույս հայտնելով, որ տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։ Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ Ազգային ժողովի նախագահ, ԱՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը:

 

wp-apeth