Հայաստանի ազգային ավիաընկերությունը կկոչվի «Ֆլայ Արնա» («Fly Arna»)

Հայաստանի ազգային ավիաընկերությունը կկոչվի «Ֆլայ Արնա» («Fly Arna»)

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) և Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային փոխադրող օպերատորը` Էյր Արաբիա ընկերությունը, այսօր հայտարարեցին, որ համատեղ ձեռնարկության կողմից գործարկվող նոր ազգային ավիաընկերությունը կանվանվի «Fly Arna» («Ֆլայ Արնա»):

«Անունն ընտրվել է համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի կողմից, 2021 թվականի հուլիսին հայտարարված «Անվանեք ավիաընկերությունը» մրցույթի մասնակիցներից ստացված ավելի քան 500 առաջարկներից:

Բոլոր առաջարկների համապարփակ քննարկումներից հետո որպես ավիաընկերության անուն ընտրվեց «Fly Arna»-ն։ «Արնա» բառը ստացվել է «Հայկական ազգային ավիաուղիներ» (Armenian National Airlines) անունից՝ համատեղելով «ARmenian» բառի առաջին երկու տառերը, «National» և «Airline» բառերի առաջին տառերը:

Մրցույթը նպատակ ուներ հնարավորություն տալու Հայաստանի քաղաքացիներին մասնակցելու երկրի ազգային ավիաընկերության անվանակոչմանը` արտացոլելով ԱՆԻՖ-ի և Էյր Արաբիայի հանձնառությունը` նպաստելու շահագրգիռ կողմերի հնարավորինս ընդգրկուն ներգրավմանը»,- նշված է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի քան 800 մասնակից ԱՆԻՖ-ի սոցիալական ցանցերում և էլեկտրոնային հաղորդագրության միջոցով առաջարկել է 500 անուն նոր ավիաընկերության համար:

«Չնայած համավարակով պայմանավորված լուրջ մարտահրավերներին՝ մենք վստահ ենք, որ «Fly Arna»-ի համար սա նաև շուկային շահեկան ու մրցունակ նոր առաջարկ բերելու հնարավորություն է, որը շոշափելի օգուտներ կբերի մեր պետությանը և ժողովրդին», – նշել է ԱՆԻՖ-ի գլխավոր գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը:

Էյր Արաբիայի գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալին այս առիթով ասել է.

«Նոր անունը, մեր համոզմամբ, արտացոլում է Հայաստանի ժողովրդի ձգտումները և հանդիսանում է ազգային մասնակցության արդյունք՝ ընդգծելով մեր համատեղ ձեռնարկության՝ հանրային շահի առաջնահերթության հանձնառությունը»:

Հաղորդագրության մեջ նշված է, որ «Fly Arna»-ն Հայաստանի ավիացիայի համար նոր դարաշրջանի սկիզբ կարող է հանդիսանալ՝ զգալի արժեք ստեղծելով տնտեսության համար և խթանելով զբոսաշրջության, հյուրընկալության և հարակից բիզնես ոլորտները:

Այն գործելու է որպես բյուջետային ուղևորատար ավիաընկերություն, որի բազան հանդիսանալու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը:

Առաջիկա շաբաթների ընթացքում ընկերությունը կդիմի օդանավ շահագործողի վկայականի (AOC) ստացման համար:

wp-apeth