Շիրակի մարզն այս տարի ունի 3135 առաջին դասարանցի

Շիրակի մարզն այս տարի ունի 3135 առաջին դասարանցի

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի հետ այսօր այցելել է «Գյումրու Խրիմյան Հայրիկի անվան թիվ 41 դպրոց», որտեղ ներկա է գտնվել առաջին դասին նվիրված միջոցառմանը։

27 տարի առաջ Հովհաննես Հարությունյանը որպես առաջին դասարանցի նույն դպրոցն է հաճախել և այսօր ողջունել ու բարի երթ է մաղթել դպրոց ոտք դրած 80 առաջին դասարանցիներին․ «Սիրելի փոքրիկներ բարով եք եկել դպրոց, ձեզ մեծ ու հետաքրքիր ճանապարհ է սպասվում դեպի գիտելիքի աշխարհ։ Առաջին անգամ թիվ 41 կրթահամալիր մուտք եմ գործել 27 տարի առաջ և դա իմ կրթություն ստանալու առաջին քայլերն էին, այսօր շատ յուրահատուկ զգացում ունեցա, երբ կրկին հարազատ դպրոց ոտք դրեցի՝ շնորհավորելու ձեզ ու ձեր ծնողներին։ Վստահ եմ՝ դուք մեր ապագա մեծ ու հաջողակ մասնագետներն եք, բարի երթ ձեզ»։

Լրագրողների հետ զրույցում Հովհաննես Հարությունյանը անդրադարձել է կրթության բնագավառի հիմնահարցերին․ «Շատ կարևոր է, որ այսօր աշխարհի զարգացմանը զուգահեռ կրթական ոլորտը ևս բարեփոխվի։ Կրթությունը մեր երկրի ռազմավարության կարևոր ուղղություններից մեկն է և մենք պետք է ջանք ու եռանդ չխնայենք այն ավելի լավը դարձնելու համար։ Գիտելիքից մնայուն արժեք չկա աշխարհում, որն ամբողջ կյանքում մեզ ուղեկցում է»։

Շիրակի մարզն այս տարի ունի 3 135 առաջին դասարանցի: Մարզի որոշ գյուղական համայնքներ առաջին դասարանցիներ չունեն: Այս մասին նշել է Շիրակի մարզպետը:

wp-apeth