Հայտնաբերվել են 1032 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր

Հայտնաբերվել են 1032 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր

Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ստացել է օպերատիվ տեղեկություններ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով ոսկյա զարդերի ներմուծման գործընթացին ՀՀ քաղաքացի Ժ.Գ-ի հնարավոր ներգրավվածության մասին:

«Ստացված տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` օրերս Ստամբուլ-Մինսկ-Երևան ավիաչվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց և ուղևորների ժամանման սրահի «Կանաչ ուղի» գծանշումը հատելուց հետո, Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից կանգնեցվել և մաքսային հսկողության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացին»,- այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Վերջինիս նկատմամբ իրականացված անձնական մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 1032 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր, որոնք թաքցված են եղել քաղաքացու գոտկատեղի հատվածում:

Փաստի առթիվ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն:

Հայտնաբերված 1032 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդերը, որպես մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ, վերցվել և ի պահ են հանձնվել մաքսային հսկողության գոտի:

wp-apeth