Մինչև տարեվերջ Շիրակի մարզը կունենա մոտ 65 կմ ասֆալտապատ ճանապարհ

Մինչև տարեվերջ Շիրակի մարզը կունենա մոտ 65 կմ ասֆալտապատ ճանապարհ

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքերին հետևելու նպատակով այսօր եղել է մի քանի շինհրապարակում։ Ավարտական փուլում են գտնվում «Մ-3- Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման» միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 4 կմ հատվածի հիմնանորգման աշխատանքները, հայտնում են Շիրակի մարզպետարանից:

«Այս ճանապարհահատվածի նորոգման համար կառավարությունը չնայած բյուջեում գումար չէր նախատեսել, սակայն հնարավորություն եղավ լրացուցիչ միջոցներ ուղղել խնդրի կարգավորմանը, ինչը շատ ուրախալի փաստ է մեզ համար։ Շուրջ 30 տարի այս ճանապարհահատվածը նորոգված չէր և մի քանի կիլոմետր հատվածն անցնելու համար 20-30 րոպե ժամանակ էր պահանջվում։ Հիմա ունենք լիարժեք կառուցված ճանապարհ։ Ընդհանուր առմամբ, այս տարի մարզում ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ են իրականացվելու, մինչև տարեվերջ մոտ 65 կմ ճանապարհի նորոգում կիրականացվի տարբեր ծրագրերով»,- լրագրողների հետ զրույցում նշել է Հովհաննես Հարությունյանը։

Մարզպետը եղել է նաև Ղարիբջանյան գյուղում, որտեղ հետևել է «Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7» հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի շինաշխատանքների ընթացքին։ 2,5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։ Ընթացքի մեջ են հիմքերի տեղադրման, եզրաքարերի շարման, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքերը։

wp-apeth