Հրդեհաշիջման ժամանակ հայտնաբերվել է ական

Հրդեհաշիջման ժամանակ հայտնաբերվել է ական

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 661 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Շոգ եղանակով պայմանավորված դեռ շատ է հրդեհների քանակը. անցած շաբաթ՝ 236 հրդեհ է գրանցվել (անցած շաբաթ գրանցվել էր 283 հրդեհ)՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 26 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 184 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 95-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Արաբկիր, Շենգավիթ, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Աջափնյակ վարչական շրջաններում, Լոռիում, Արմավիրում, Արարատում, Կոտայքում, Սյունիքում։ Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու վերաբերյալ 32 ահազանգ է ստացվել, օձ է հայտնաբերվել եւ անվտանգ տարածք տեղափոխվել 13 դեպքում: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված 11 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 13 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները հրդեհները կանխելու նպատակով հսկվող այրում են կազմակերպել չոր խոտով պատված տարբեր տարածքներում:

Այլ կանչեր.

Շենքի տանիքում հրդեհի վերաբերալ երկու ահազանգ է ստացվել Ռուբինյանց փողոցի եւ Սայաթ-Նովա թաղամասի բնակիչներից: Պարզվել է, որ քաղաքացիները տանիքում խորոված անելիս են եղել, եւ ծուխը թողել է հրդեհի տպավորություն:

Խոշոր հրդեհ է գրանցվել Աջափնյակ վարչական շրջանի Մարտիրոսյան փողոցի վերջնա-մասում տեղակայված գոմի տանիքում: Հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ 1 աստիճան: Հրդեհաշիջման եւ հետհանգեցման աշխատանքները շարունակվել են երեք օր: Այրվել է մոտ 1600 ք․մ տանիք եւ 2000 հակ անասնակեր:

Աշտարակի փրկարարները Նոր Երզնկա-Ծաղկեվանք ավտոճանապարհին բռնկված հրդեհի մարման ժամանակ Վերին Երզնկա գյուղի գերեզմանատան մոտակայքում հայտնաբերել են ական: Քաղաքացիական պաշտպանության վարչության ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը «ПМН-2» տեսակի մարտական հակահետեւակային ականը տեղափոխել է պաշտպանության նախարարության թիվ N ուսումնական զորամաս՝ հետագա ոչնչացման նպատակով:

Ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղի կողմից «Սուրբ Հովհաննես» մատուռ տանող ճանապարհին քաղաքացին ընկել եւ վնասել է ոտքը. անհրաժեշտ է օգնություն: Սպիտակի փրկարարները կնոջը պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Մեկ այլ արտակարգ դեպք է գրանցվել Լեռնավան համայնքի «Ուրուրի բուն» կոչվող հանդամասում: Քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, նրան անգիտակից վիճակում Սպիտակի փրկարարները հանձնել են շտապօգնության բրիգադին եւ տեղափոխել բուժկենտրոն:

Հալիձոր թաղամասի թիվ 19 շենքի հարեւանությամբ քաղաքացին ընկել էր ծառից եւ հայտնվել ձորում. անհրաժեշտ է եղել հրշեջ-փրկարարների օգնությունը: Կապանի փրկարարները մոտ 50 մետր խորությամբ ձորը գլորված տղամարդուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Շատին գյուղի փողոցներից մեկում չորրորդ կարգի վթարայնության երկու երկհարկանի տների մոտակայքում տեղի է ունեցել մոտ 5 խ.մ հողաշերտի սահք դեպի ձորը: Փրկարարները կատարել են ուսումնասիրություն ու պարզել, որ տների պատերին առաջացել են տարբեր չափի ճաքեր: 14 բնակչի առաջարկվել է տեղափոխվել անվտանգ կացարան:

wp-apeth