Երկաթուղու աշխատակիցները կստանան փրկարարի որակավորում

Երկաթուղու աշխատակիցները կստանան փրկարարի որակավորում

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի հրամանով՝ օգոստոսի 2-20-ը «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության 25 աշխատակից ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցել է փրկարարների պատրաստության դասընթաց՝ տարերային աղետների ժամանակ վերականգնողական աշխատանքներն օպերատիվ կազմակերպելու եւ ուղեւորներին օգնություն ցուցաբերելու նպատակով, հայտնում են ԱԻՆ պաշտոնաթերթից:

120-ժամանոց դասընթացի տեսական մասի թեմաներն էին՝ «Հրդեհային պատրաստություն եւ հրդեհաշիջման աշխատանքներ», «Առաջին օգնություն», «Փրկարարական գործ» եւ «Բարձրության վրա փրկարարական աշխատանքներ»:

ՃԿՊԱ դասախոսները մասնակիցների հետ գործնական վարժանքներ են անցկացրել երեք տեղամասում: Ընկերության «Վերականգնողական եւ հակահրդեհային գնացքներ» մասնաճյուղում կատարվել են բացազատում եւ հրդեհաշիջման աշխատանքներ: Արզնու ձորում վերապատրաստվողները ծանոթացել են փրկարարական գործիքներին եւ չշահագործվող շենքերից մեկում իրականացրել պարանային աշխատանքներ: Ակադեմիայի «Լուսակերտ» ուսումնական բազայում վարժանքը տրանսպորտային պատահարների ժամանակ հիդրավլիկ գործիքների կիրառման թեմայով էր:

Դասընթացի ավարտին տրվել են վկայականներ: Օգոստոսի վերջին վերապատրաստված մասնագետները կհանձնեն նաեւ փրկարարի որակավորման քննություն:

wp-apeth