Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

2018 թվականի օգոստոսին Հայաստանում գրանցված էր մոտ 19 000 արտադրական վտանգավոր օբյեկտ` ԱՎՕ, 2019-ի օգոստոսի 15-ի դրությամբ` 20 416, 2020 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ Հայաստանում գրանցված էր 21 899 արտադրական վտանգավոր օբեյկտ: 2021 թվականի օգոստոսի 13-ի դրությամբ՝ 23 443 ԱՎՕ, հայտնում է ԱԻՆ պաշտոնաթերթը:

Վերջին երեք տարում Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է մոտ 24 տոկոսով, վերջին մեկ տարում՝ 7 տոկոսով: Տարեսկզբից մինչ օրս հանրապետությունում գրանցվել է 938 ԱՎՕ՝ օդային սառեցման համակարգ, եփման կաթսաների տեղամաս, ֆրեոնային սառնարան, քսուկահովացնող հեղուկի գոլորշիների վերամշակման կայան, հեղուկ ալյումինի պահպանման վառարանների տեղամաս եւ այլն:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտ են որակվում ոսկու, քարի, ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները, գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական եւ ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները, կաթսայատները, շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕ-ների մեջ կան չաշխատող, գործունեությունը դադարեցրած, սառեցված, ապամոնտաժված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են եւ դարձել են մետաղի ջարդոն: 2021 թվականի հուլիսի 15-ի դրությամբ, գրանցված ԱՎՕ-ներից մոտ 300-ը ապամոնտաժվել է, մոտ 900-ը՝ կոնսերվացվել, ավելի քան 100-ը՝ չի շահագործվում: Արտադրական վտանգավոր օբյեկտների մոտ 35 տոկոսը (ավելի քան 8300) բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, բժշկական կենտրոնների, տարբեր արտադրական ձեռնարկությունների մարդատար եւ բեռնատար վերելակներն են: Իսկ մոտ 15 տոկոսը` մոտ 3500, տարբեր տեսակի կռունկները` կամրջակային, աշտարակային, օդադողային, ավտո եւ այլն: Բացի սրանցից Հայաստանում գրանցված են նաեւ ավելի քան 2000 կաթսայատուն, մոտ 650 կոմպրեսոր, մոտ 450 ճնշման տակ աշխատող սարքավորում, մոտ 400 հանքավայր, նույնքան ԱԳԼՃԿ, մոտ 300 բենզալցակայան, հեղուկ գազ կամ բենզին տեղափոխող ավելի քան 100 ավտոցիստեռն, ավելի քան 60 շարժասանդուղք եւ այլն: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕ-ներ:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը կազմվել է 2006 թվականի մայիսին: Այդ տարի գրանցվել են առկա բոլոր ԱՎՕ-ները, ընդամենը՝10 319 միավոր:

wp-apeth