Արզումանյանը գոհ է սաների մրցելույթներից

Արզումանյանը գոհ է սաների մրցելույթներից

Կանանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Արզումանյանը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում ամփոփել է Հայաստանի մասնակցությունը Վրաստանում կայացած Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարում։

«Անկեղծ ասած, գոհ եմ թիմի ելույթներից։ Միանշանակ, չեմ կարող ուրախ չլինել, քանի որ տեսանք կատարած աշխատանքի արդյունքը։ Տոնեցինք երկու հաղթանակ և կրեցինք երկու պարտություն։ Գիտակցում էինք, որ բարդ է լինելու, բայց ցույց տվեցինք, որ իսկական թիմ ենք դարձել։

Առաջին մրցակիցն Ալբանիայի հավաքականն էր։ Դժվար խաղ էր, քանի որ այս մրցաշարի մեր առաջին հանդիպումն էր։ Շատ ժամանակ չկար նախապատրաստվելու համար, այդ պատճառով մի փոքր բարդ ստացվեց թիմային աշխատել։ Ամեն դեպքում, պայքարեցինք յուրաքանչյուր միավորի համար։

Երկրորդ դիմակայությունը Վրաստանի հավաքականի հետ էր։ Այս խաղում աղջիկները միմյանց ավելի լավ էին հասկանում և ավելի վստահ էին իրենց ուժերին։ Մրցակցի խաղացողները մեզանից բարձրահասակ էին, բայց դա չխանգարեց որ առավելության հասնենք նրանց նկատմամբ։ Առաջին խաղի համեմատ ավելի արագ էինք գործում և արժանի էինք հաղթանակի։

Ենթախմբի ֆավորիտ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ պայքարը ամենադժվարը ստացվեց։ Խաղադաշտում առավել շատ ժամանակ ստացան մեր կազմի ոչ հիմնական խաղացողները։ Որոշում կայացրինք ուժերը խնայել Մալթայի հետ խաղում։

Վերջին հանդիպումն ընթացավ լարված պայքարում։ Մեր թիմի խաղը հաճելիորեն զարմացրեց ինձ. աղջիկները ցույց տվեցին, թե որքան վճռական են տրամադրված և, մինչև վերջին վայրկյանը պայքարելով, կարողացան հաղթանակ տոնել։

Նրանք կատարեցին այն առաջադրանքը, որը դրել էի իրենց առջև այստեղ գալուց առաջ։ Հպարտ եմ մեր թիմով և, անկասկած, չենք դադարի աշխատել ավելի լավ արդյունքներ գրանցելու համար»,- ասաց մարզիչը:

E ենթախմբում Հայաստանի հավաքականը մրցեց Ալբանիայի, Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի և Մալթայի հավաքականների հետ, տոնեց 2 հաղթանակ և 6 միավորով գրավեց երրորդ տեղը։

wp-apeth