Ռուս խաղաղապահներն ապահովել են շուրջ 210 հազար մարդու անվտանգ երթևեկությունը Լաչինի միջանցքով

Ռուս խաղաղապահներն ապահովել են շուրջ 210 հազար մարդու անվտանգ երթևեկությունը Լաչինի միջանցքով

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները 2020 թվականի նոյեմբերից սկսած ապահովել են ավելի քան 58 000 ավտոմեքենաների և շուրջ 210 հազար մարդկանց տեղաշարժը, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխումը Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

«Դիտորդական կետի անձնակազմը վերահսկողություն է իրականացնում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման նկատմամբ, ապահովում է տրանսպորտային միջոցների տեղաշարժի անվտանգությունը Լաչինի միջանցքով: Ընդ որում, յուրաքանչյուր ավտոմեքենա զննվում է, անհրաժեշտության դեպքում խուզարկվում: Մեկ օրում շուրջ 200 ավտոմեքենա է անցնում», – պատմել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վասիլի Դավիդովը:

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով հագեցած դիտակետերում պլանային կարգով անցկացնում են մարտական պատրաստության պարապմունքներ, ինչպես նաեւ խախտումների եւ հնարավոր հարձակման կանխման վարժանքներ:

wp-apeth