ԱրՊՀ գլխավոր մասնաշենքի շինաշխատանքներն ավարտման փուլում են

ԱրՊՀ գլխավոր մասնաշենքի շինաշխատանքներն ավարտման փուլում են

Ավարտին են մոտենում Արցախի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքում իրականացվող բարեկարգման, ներքին հարդարման աշխատանքները: Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է ԱրՊՀ վարչական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուսլան Ավետիսյանը: «Առաջին մասնաշենքի գլխավոր մուտքը՝ ձախ թևը, կառուցվել է նոր հիմքից, իսկ մյուս մասնաշենքերում ամրացման աշխատանքներ են իրականացվել: Համալսարանի առաջին և երկրորդ մասնաշենքերի սիմետրիկությունն ապահովելու համար կառուցվել է կցակառույց:

Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 8000 մ քառակուսի: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2021-2022 ուս. տարվա սկզբին»,- նշել է Ռ. Ավետիսյանը: Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ շենքն ապահովված է լինելու համացանցով, ունենալու է էլեկտրոնային գրադարան, գործելու են օդափոխության, ջեռուցման և հակահրդեհային պաշտպանության համակարգեր: Շենքի վերանորոգման ֆինանսավորումն իրականացնում են Արցախի հանրապետության կառավարությունն ու «Թրփանջյան» բարեգործական հիմնադրամը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով:

ԱրՊՀ լրատվության և հանրային կապերի բաժնի պետ Զարինե Սառաջյանի խոսքով՝ բուհի գլխավոր մասնաշենքի հիմնանորոգումն անհրաժեշտ էր ու սպասված, քանի որ վթարային էր, և անհնար էր այնտեղ պարապմունքներ կազմակերպելը։

«Հիմնանորոգված և ժամանակակից պահանջներին համապատասխանող շենքային պայմաններն ու նյութատեխնիկակական բազայով համալրված լսարաններն, անշուշտ, իրենց դրական ազդեցությունը կունենան կրթության որակի բարելավման ու արդյունավետության բարձրացման վրա։ Արցախի Մայր բուհը ոչ միայն կրթական հաստատություն է, այլ նաև գաղափարական դարբնոց, որը իր առաքելությունն է ունեցել մեր երկրի կարևոր իրադարձություններում և մեր հուսալի ապագայի հիմնասյուներից մեկն է։ Պետք է ջանք ու եռանդ չխնայել ԱրՊՀ-ում կրթական գործընթացը, գաղափարական, բարոյահոգեբանական վիճակը կայուն հիմքերի վրա պահելու համար, որովհետև համալսարանը երկրի այն կորիզն է, որտեղ համախմբած է երկրի երիտասարդության և մտավորականաության ներուժը, որը իրական ուժ է»,- ընդգծել է Զ. Սառաջյանը։

wp-apeth