Երեք մասնակից, երկու մեդալ. Բաչկովն առաջինն է

Երեք մասնակից, երկու մեդալ. Բաչկովն առաջինն է

Տոկիոյում կայացած 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականի 17 մարզիկներից չորսը վերադարձան մեդալներով: Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը նվաճեցին արծաթե, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալ: Մեդալներից երկուսը հասան Գյումրի՝ շնորհիվ Ալեքսանյանի ու Բաչկովի:

Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալի համար գոտեմարտում 1:5 հաշվով զիջեց Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Մուսա Եվլոևին: Փորձառու ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 4:1 հաշվով հաղթել էր Ուզուր Ջուզուպբեկովին (Ղրղզստան), ապա 5:1 հաշվով առավելության էր հասել ֆինն Արվի Սավոլայնենի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում պարտության էր մատնել իրանցի Սարավի Մոհամադհադիին՝ 4:1:

Ինչ վերաբերում է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովին, ապա 63 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում գյումրեցի մարզիկը պարտվեց ամերիկացի Քեյշոն Դևիսին՝ արժանանալով բրոնզե մեդալի: Եվրոպայի կրկնակի չեմպիոնը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ հաղթել էր Ռայան Ալստոնին (Անտիգուա և Բարբուդա), 1/8 եզրափակչում պարտության էր մատնել ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևին, իսկ քառորդ եզրափակչում՝ ուզբեկ Էլնուր Աբդուրաիմովին: Բաչկովը դարձավ Հայաստանի առաջին բռնցքամարտիկը, որը մեդալ է նվաճել Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև Օլիմպիական խաղերում:

Հայաստանի 17 օլիմպիականներից 6-ը ըմբիշ էին, որոնց թվում էր Գյումրին ներկայացնող Կարապետ Չալյանը: Վերջինս վերադարձավ առանց մեդալի (77 կգ)՝ պարտվելով բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն օգոստոսի 10-ին ընդունեց խաղերից վերադարձած գյումրեցի մարզիկներին և նրանց մարզիչներին:

«Շատ շնորհակալ ենք ձեզ, տղաներ: 4 մեդալ կար Հայաստան բերված, որից 2-ը եկավ Գյումրի: Մեր ցանկությունն էր, որ Գյումրին 3 մեդալ ունենար, իսկ 2 մեդալի գույնը լիներ ավելի պայծառ, բայց այդպես ստացվեց: Մենք այլ կերպ չպետք է մտածենք, պետք է առաջ գնանք, ընդամենը 3 տարի հետո Փարիզում մենք ունենք  շատ կարևոր մրցաշար»,- ասել է Սամվել Բալասանյանը:

wp-apeth