Ռազմագերիների հարազատները գիշերել են Կառավարության շենքի դիմաց

Ռազմագերիների հարազատները գիշերել են Կառավարության շենքի դիմաց

Բաքվում պահվող ռազմագերիների հարազատները գիշերել են Կառավարության շենքի դիմաց։ Նրանք մինչ այս պահը շարունակում են մնալ այնտեղ։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է ռազմագերիներից մեկի հարազատը՝ Տիգրանը՝ հավելելով, որ այսօր նրանց վարչապետի աշխատակազմից մեկն է մոտեցել եւ հայտնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբաղված է եւ չի կարող այսօր նրանց ընդունել։ Ռազմագերիների հարազատները կշարունակեն մնալ Կառավարության շենքի դիմաց։

Հիշեցնենք, որ ռազմագերիների հարազատները երեկ կեսօրից հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց եւ հանդիպում էին պահանջում իրավասու այնպիսի մարդու հետ, որը կարող է իրենց հարցերին սպառիչ պատասխաններ տալ՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցերի շուրջ։

Կառավարությունից նախ հայտնել էին, որ երկու անձի կընդունեն, սակայն գերիների հարազատները հրաժարվել էին նման ձեւաչափից։ Որոշ ժամանակ անց, այնուամենայնիվ, նրանցից մի քանիսը հանդիպել էին  վարչապետի խոսնակի հետ, բայց հանդիպումից հետո հայտնել էին, որ որեւէ կոնկրետ պատասխան իրենց չի տրվել եւ իրենք կմնան այնքան ժամանակ, մինչեւ իրենց հետ որեւէ մեկը չհանդիպի։

wp-apeth