Ուղիղ հինգ տարի անց. Վահան Բիչախչյանը կրկին գրավեց «Դիլայի» դարպասը

Ուղիղ հինգ տարի անց. Վահան Բիչախչյանը կրկին գրավեց «Դիլայի» դարպասը

Ուղիղ հինգ տարի առաջ (7 հուլիսի, 2016 թվական) ամենավճռորոշ պահին Վարդան Բիչախչյանը խաղադաշտ դուրս բերեց որդուն՝ դեռ 17 տարեկանը չբոլորած Վահանին: Վերջինս րոպեներ անց աչքի ընկավ՝ գրավելով Գորիի «Դիլայի» դարպասն ու օգնեց «Շիրակին» հաղթահարել վրացական թիմի արգելքը: Պատանի ֆուտբոլիստն իր առաջին գոլը խփեց եվրագավաթներում` իր վրա սևեռելով ֆուտբոլային սկաուտների ուշադրությունը: Դրանից մեկ տարի անց նա որոշեց օգտվել ընձեռված հնարավորությունից ու ապագան կապեց Սլովակիայի «Ժիլինայի» հետ: Մինչ այդ նա հասցրեց ևս մեկ գոլ խփել եվրագավաթներում՝ գրավելով սլովենական «Գորիցայի» դարպասն արտագնա խաղում:

Սլովակիա

Սկզբում հեշտ չէր, պետք էր հարմարվել նոր միջավայրին: Պատանի ֆուտբոլիստին առաջին ամիսները դժվարությամբ տրվեցին: Գուցե առաջին հայացքից տարօրինակ հնչի, սակայն առաջին լուրջ խնդիրը, որը պետք է հաղթահարեր՝ տեղի ճաշացանկն էր: Ֆուտբոլային առումով որևէ նորություն. պետք էր խաղալ ու ապացուցել: Առաջին մրցաշրջանում ակումբի գլխավոր թիմի կազմում Վահանը հաշված թվով հանդիպումների մասնակցեց՝ հիմնականում դուրս գալով փոխարինման: Մարզիչները նրան ավելի հաճախ սկսեցին օգտագործել մրցաշրջանի որոշիչ հատվածում: Գավաթի խաղարկության շրջանակներում, ի դեպ, հասցրեց գոլային երկու փոխանցում կատարել: Դրան զուգահեռ գյումրեցի ֆուտբոլիստը խաղում էր ակումբի երկրորդ թիմի կազմում: Այստեղ պատկերն այլ էր, անցկացրած 18 խաղում խփեց վեց գոլ ու կատարեց գոլային երկու փոխանցում:

Երկրորդ մրցաշրջանն ընդհանրապես չդասավորվեց: Խանգարեց ծանր վնասվածքը ու երկար ժամանակ պահանջվեց ապաքինվելու համար: Բավական է նշել, որ գլխավոր թիմի կազմում անցկացրեց մեկական խաղ առաջնության ու գավաթի խաղարկության շրջանակներում, ևս հինգ խաղի մասնակցեց ակումբի երկրորդ թիմի կազմում: Այդ հինգ խաղում նա հասցրեց խփել մեկ գոլ ու կատարել գոլային մեկ փոխանցում:

«Ժիլինայի» գլխավոր թիմի կազմում Վահանն իր անդրանիկ գոլը խփեց միայն երրորդ մրցաշրջանում, սակայն դժվար է ասել, որ այն հայ ֆուտբոլիստի համար լավ դասավորվեց: Ավելի շուտ, այն կարելի է համարել վերադարձի մրցաշրջան: Տևական դադարից հետո պետք էր կրկին զգալ գնդակն ու ֆուտբոլի շունչը:

Անցած մրցաշրջանում Վահանը դարձավ ակումբի գլխավոր թիմի լիարժեք անդամն ու առաջատարներից մեկը: Դրանից առաջ ակումբը փոխեց զարգացման վեկտորն ու սկսեց ավելի շատ երիտասարդների ու պատանիների ներգրավել: Սա Բիչախչյանի հնարավորությունն էր, պետք էր օգտագործել: Սլովակիայի առաջնությունում անցկացրեց 28 հանդիպում, խփեց 12 գոլ ու կատարեց գոլային 5 փոխանցում: Նրա դուբլն օգնեց «Ժիլինային» եվրագավաթային խաղարկության ուղեգիր ձեռք բերել, որտեղ թիմին բաժին հասավ Գորիի «Դիլան»:

Ազգային ընտրանի

Շատերն էին սպասում Վահան Բիչախչյանի նորամուտին Հայաստանի ազգային հավաքականում: Դա տեղի ունեցավ անցած տարի և դրան նպաստեց առաջին հերթին Վահանի ցույց տված արդյունավետ ֆուտբոլը «Ժիլինայի» կազմում: Վերջերս նա իր առաջին հանդիպումն անցկացրեց ազգային ընտրանու մեկնարկային կազմում ու շվեդների հետ ստուգողական մրցավեճում խաղաց սկզբից մինչև վերջ ու խփեց իր անդրանիկ գոլը: Մինչ այդ նա հասցրել էր աչքի ընկնել պաշտոնական խաղում գոլային մեկ փոխանցումով:

Կրկին «Դիլա»

Վրացական թիմի դարպասը խփած գոլից ուղիղ հինգ տարի անց (8 հուլիսի, 2021 թվական) Վահան Բիչախչյանը կրկին խաղադաշտ դուրս եկավ «Դիլայի» հետ խաղում, բայց այս անգամ արդեն որպես Հայաստանի ազգային հավաքականի անդամ ու «Ժիլինայի» հիմնական կազմի ֆուտբոլիստ: Դիմակայության առաջին խաղում վրացիները ոչինչ չկարողացան անել «Ժիլինայի» երիտասարդ տղաների հետ պայքարում ու բաց թողեցին հինգ գոլ: Երրորդ գոլը նրանց դարպասը 11 մետրանոցից պանենկա հարվածով խփեց Վահան Բիչախչյանը:

Վահանը կրկին սկաուտների ուշադրության կենտրոնում  է: Իհարկե գյումրեցի ֆուտբոլիստի վերջին մրցելույթները չեն կարող անտարբեր թողնել ֆուտբոլային սկաուտներին, սակայն այստեղ կարևոր է ընդգծել: Վահանին պետք է ակումբ, որտեղ նա կստանա անհրաժեշտ հնարավորություն ևս մեկ քայլ կատարելու համար:

wp-apeth