Շիրակի մարզում կառուցելու են մոդուլային 2 դպրոց

Շիրակի մարզում կառուցելու են մոդուլային 2 դպրոց

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը պահուստային ֆոնդից 500 մլն դրամ գումար է հատկացվել` մարզային բնակավայրերում մոդուլային 5 դպրոցի կառուցման նպատակով:

Նոր մոդուլային դպրոցները կկառուցվեն Գեղարքունիքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերի հետևյալ բնակավայրերում.

  • ՀՀ Գեղարքունիքի մարզ` «Ջիլի միջնակարգ դպրոց»,
  • ՀՀ Շիրակի մարզ` «Արեգնադեմի միջնակարգ դպրոց», «Կապսի միջնակարգ դպրոց»,
  • ՀՀ Վայոց ձորի մարզ` «Չիվայի միջնակարգ դպրոց», «Գոմքի միջնակարգ դպրոց»:

Դպրոցներից յուրաքանչյուրի շինարարական աշխատանքները սկսելու համար նախատեսված է 100 մլն դրամ: Գումարը կհատկացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ շինարարական աշխատանքների իրականացման համար:

Նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը հիշեցրել է, որ Կառավարության նախորդ նիստում գումար էր հատկացվել մոդուլային 15 դպրոցի և 10 մանկապարտեզի կառուցման համար: Մայիսի 13-ին հաստատված որոշմամբ՝ կապահովվի «Փոքրաքանակ երեխաներով համալրված դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի ամբողջականությունը:

Վահրամ Դումանյանը նաև ընդգծել է, որ կրթության ոլորտի զարգացումը Կառավարության ռազմավարական ուղղություններից է, և այդ ոլորտում պետական ներդրումները լինելու են շարունակական:

«Կառավարությունը հաստատակամ է գիտակրթական ոլորտում շոշափելի արդյունքների հասնելու համար անել առավելագույնը»,- փաստել է Վահրամ Դումանյանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով` նորակառույց դպրոցներում նախորդ տարիներին օգտագործված գույքը նորից օգտագործելու պրակտիկան պետք է բացառվի:

«Նոր ենթակառուցվածքները պետք է ապահովվեն նոր գույքով»,- ընդգծել է նա և ավելացրել, որ դպրոցաշինության և մանկապարտեզների շինարարության ծրագրերի տեմպն ավելացել է, սակայն դա բավարար գնահատել չի կարելի:

Ցանկում ներառված դպրոցներն ընտրվել են` հաշվի առնելով, որ դպրոցը բնակավայրում միակն է, այնտեղ սովորում է մինչև 100 աշակերտ, շենքն ունի սեյսմակայունության խնդիր, ուստի վերականգնումը տնտեսապես արդյունավետ չէ, ինչպես նաև դպրոցի տեղակայման վայրում կա մոդուլային շենքի տեղակայման պահանջներին համապատասխան հողատարածք։ Մոդուլային ուսումնական հաստատություններն ապահովված կլինեն նաև ապաստարաններով:

wp-apeth