Թշնամին «Սև լճի» ուղղությամբ մի փոքր հետ է գնացել

Թշնամին «Սև լճի» ուղղությամբ մի փոքր հետ է գնացել

Հակառակորդը մի քանի ժամ առաջ «Սև լճի» ուղղությամբ մի փոքր հետ է գնացել։ Այս մասին news.am-ին ասել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։ Նա նշել է, որ ռուս սահմանապահների հետ բանակցությունները դեռ ընթանում են։

Ավելի վաղ Մենուա Հովսեփյանը հայտնել էր, որ հակառակորդը «Սև լճի» տարածքում առաջ է եկել եւ փորձ է կատարում տեղակայվելու։

Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ այսօր՝ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։

«Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ»,- ասվում էր ՊՆ հայտարարության մեջ։

Այսօր լուրեր էին շրջանառվում, որ թշնամին Վարդենիսի շրջանում դիրքերը առաջ է տվել և հնչել են կրակոցներ։  Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, անդրադառնալով այսօր՝ մայիսի 12-ին Վարդենիսի շրջանում նկատված հակառակորդի շարժին, news.am-ի հետ զրույցում ասել է, որ նոյեմբերի 9-ից հետո հայկական կողմը որոշակի դիրքավորվել, տեղակայվել է, իսկ դիմացը կամ այլ հատվածներում հակառակորդը՝ ոչ։ Եղանակային պայմաններից ելնելով իրենք զորք չեն պահել այդտեղ, հիմա դա են անում, իսկ մեր Զինված ուժերն էլ ուշադիր հետևում են, որ հանկարծ սահմանի խախտման դեպքեր տեղի չունենան:

wp-apeth